ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 96

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոստիկանը մերն» է վանկարկող ու այդ կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ոստիկանությանն իսկապես իրենով է արել: Նախկին իշխանության գործելաոճը քննադատող Փաշինյանը, թե. «Հայաստանը ոստիկանապետության են վերածել, ու ոստիկանությունն անմիջապես երկրի առաջնորդի հրահանգներն է կատարում», այժմ ճիշտեւճիշտ նույն գործեալոճն է իրականացնում: Ապացույցը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների «փռեմ ասֆալտին, ծեփեմ ասֆալտին» իրականացրած գործողություններն են՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ի իշխանափոխությունից երեք ամիս անց՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու հանրահավաքին, ոստիկաններին առանձնահատուկ ուշադրության էր արժանացնում ու «ոստիկանը մերն է վանկարկում», այժմ, փաստորեն, իր անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է անցնել բոլորի վրայով՝ անկախ նրանից, թե դիմացինն ով է ու ինչ է տվել պետությանը, հայրենիքին: «Եվ, այո, ոստիկանը մերն է, որովհետեւ նա ծառայում է ՀՀ ժողովրդին ու քաղաքացուն»,- բարձրագոչում էր ՀՀ փաստացի ղեկավարը: Բայց ինչպես ինքն էր ասում՝ իրավիճակ է փոխվել, ու ոստիկանությունը նորից ծառայում է օրվա իշխանությանը: Հասարակական կարգը հսկողներն այժմ էլ Փաշինյանի անվտանգության համար են մեծաթիվ ուժեր կենտրոնացնում, հսկում նրա տեղաշարժն ու բիրտ ուժ կիրառում անգամ նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքին ամենաթանկը՝ որդուն են տվել: Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության մասին տարաբնույթ հայտարարություններ անելով ու համոզելով, թե «ոստիկանը քաղաքացուն է ծառայում», հերթական անգամ ստել է:

 

 

 

 

ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Երեւանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ: Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, եւ, չնայած սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը: Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, եւ, չնայած Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը եւ PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Արցախի պաշտպանության նախկին նախարար  Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանից, սակայն նա նշեց, որ որեւէ բան ասել չի կարող: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջալալ Հարությունյանի գործով ՊԲ ողջ անձնակազմը հարցաքննվել է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

 

 

 

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 726 դեպք: Այսինքն, հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 8 հազար 265 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 519: Այս տարվա յոթ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 136 դեպք է գրանցվել: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա յոթ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 3 հազար 287 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5 հազար 956 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 11 հազար 822 դեպք, արձանագրվել է Երեւանում, հաջորդը՝ Արարատի մարզն է: Միայն Կոտայքի մարզում հունվար-հուլիսին գրանցվել է հանցագործության 1526 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1282-ի դիմաց:




Լրահոս