ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ, որը վերջին օրերին Հայաստանում էր: Պետդումայի պատգամավորը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 16-18-ը։ Զատուլինը մեզ հետ զրույցում նկատում է՝ Արևմուտքը խաղում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նրա գլխավոր նպատակը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից դուրս մղելն է, եւ այդ հարցում նորանոր հաջողությունների է հասնում։
Նշենք, որ հայաստանյան այցի ընթացքում Պետդումայի պատգամավորը ծանոթացել է անցած շաբաթվա սկզբին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների բռնկմանը հաջորդած իրավիճակին։ Նա այցելել է գնդակոծության ենթարկված Ջերմուկ քաղաք։
-Պարո՛ն Զատուլին, խնդրում եմ ասել՝ Հայաստան այցի ընթացքում որտե՞ղ եք եղել, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել:
-Ես շատ բաներ եմ տեսել Հայաստանում: Ես եղել եմ Երեւանում, այցելել եմ Ջերմուկ, որի մասին նաեւ գրառում եմ կատարել, հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: Հանդիպում եմ ունեցել նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մասնակցել եմ նաեւ Ապարանում կազմակերպված միջոցառմանը:
-Դուք նշեցիք, որ այցելել եք նաեւ Ջերմուկ, որն անցած շաբաթվա սկզբին տուժել էր Ադրբեջանի գործողությունների հետեւանքով: Ի՞նչ իրավիճակի եք ականատես եղել:
-Հայաստանում իրավիճակը իսկապես բավականին լարված է, քանի որ մարտական գործողությունների բռնկումն ու Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի սահմաններում առաջխաղացումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Կրակոցների հետեւանքով նաեւ կորուստների թիվն է մեծ, ինչը եւս մտահոգիչ է:
-Սեպտեմբերի 13-ին սկսած գործողություններից հետո ՌԴ-ից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից չհնչեցին հստակ հայտարարություններ եւ կոչեր՝ ի աջակցություն Հայաստանի. այս ամենը նաեւ հակառուսական տրամադրություններ են առաջացրել: Ի՞նչ կասեք այս մասով, ինչու՞ պարտավորությունները չեն կատարվում:
-ՀԱՊԿ-ի շուրջ իսկապես քննադատությունը բավականին մեծ է: Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է հիմա ցուցադրել իր ցանկությունը՝ դեպի Արեւմուտքի կողմը դիրքավորվելու մասով, եւ բարձաձայն էլ ասում էին այդ մասին: Ես Հայաստանում էի այն ժամանակ, երբ այստեղ էր նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, գիտեմ, թե ինչպիսի՝ հատուկ կերպով ընդունելության է նա արժանացել: Ես գիտեմ, որ այդպիսի ընդունելության շատ քիչ մարդիկ են արժանանում: Հայտարարություններ հնչեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից, եւ հենց քննադատություն էր առկա ՀԱՊԿ-ի առնչությամբ եւ պաշտպանություն՝ ԱՄՆ-ի: Այս բոլոր հայտարարությունները պետք է հստակ վերլուծվեն, այդ թվում՝ նաեւ մեր կողմից: Հայաստանի կառավարությունը փորձում է Արեւմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու շնորհիվ դաշնակից ձեռք բերել, եւ Արեւմուտքը իր կողմից բոլոր ձեւերով փորձում է ՌԴ-ին հեռացնել տարածաշրջանից. դրա վկայությունը նաեւ բրյուսելյան բազմաթիվ հանդիպումներն են, որտեղ ՌԴ-ն չի մասնակցում: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հավատում է Արեւմուտքից հնարավոր օգնությանը: Սակայն նկատենք, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները, ու այնպիսի տպավորություն է, որ դրանից գոհ ու շնորհակալ են միայն Ղարաբաղի հայերը: Կարծես Հայաստանը բոլոր հետեւանքներն ու պարտավորությունները թողել է միայն ՌԴ-ի վրա, իսկ իշխանություններն էլ վախենում են իրենց օրեցօր նվազող վարկանիշի համար:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Երեկ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն ամոթալի էր եւ անթույլատրելի: Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար՝ որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր։
Անկախ ամեն ինչից` պետք է հարգել հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողների վիշտը, ինչպես նաեւ` նրանց գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն իշխանության համար տհաճ։
Գուցե հայրենիքի պաշտպանների ծնողներն իրենց ցասումն արտահայտելու տարբեր ձեւեր ընտրեն, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել նրանց, մեծարել ու մշտապես խոնարհվել:
Անթույլատրելի է ծնողներին բաժանել մերոնք-ձերոնքի. իշխանությունն, ըստ երեւույթին, առաջնորդվում է հետեւյալ տրամաբանությամբ. այն ծնողները, ովքեր Աննա Հակոբյանի հրավերն ընդունում են եւ մասնակցում միջոցառումներին, նրանք լավն են, իսկ ովքեր էլ պահանջատիրություն են դրսեւորում, բարկություն ու ցասում են արտահայտում, նրանց արժանապատվությունը նսեմացնելով` բերման են ենթարկում:
ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ
Սեպտեմբերի 25-ին՝ մի քանի օր անց, Հայաստանի մի շարք մարզերում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան: ArmLur.am-ը քանիցս գրել է, թե որ համայնքերում ովքեր են առաջադրված ու, այսպես ասած, ով ում դեմ է ընտրապայքարի մեջ մտել: Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ սուվերեն տարածքի վրա, ընտրությունների պատրատվող կուսակցություններն ու թեկնածուները, իրավիճակից ելնելով, դադարեցրել էին քարոզարշավն ու տարբեր հարթակներում դա որպես բարի կամքի դրսեւորում ներկայացրել:
Օրեր առաջ սակայն՝ մարզերում կուսակցություններն ու առաջադրված թեկնածուները կրկին կատաղի պայքարի են անցել: Օգտագործելով գրեթե բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հրապարակ բերելով տարածաշրջանում քիչ թե շատ հեղինակութուն ունեցող անձնաց՝ քաղաքական ուժերն անում են հնարավորը, որ բաղձալի աթոռը հենց իրենց բաժին հասնի:
Գրեթե բոլոր համայնքներում, որոնք, ի դեպ, մեծամասամբ խոշորացվում են՝ էլ ավելի մեծ համայնքներ ձեւավորելով, հիմնական ֆավորիտներ ունեն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու անհասկանալի՝ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ դիրքորոշում բռնած «Ապրելու երկիր» կուսակցությունը: Նրանց համար, փաստորեն, Հայաստանում պատերազմն ավարտվել է, սահմաններին իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա, հետեւաբար կարելի է գործի անցնել ու քվեներ կորզելով զբաղվել. հոգ չէ, որ թշնամու հրթիռները յուրքանչյուր պահի նորից կարող են մեր գլխին տեղալ:
ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դատարանների նախագահներին կվերապահվեն նոր լիազորություններ, ըստ որի՝ նրանք կկարողանան հետեւել գործերի քննության ժամկետների պահպանմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարությունն առաջարկում է Երեւանում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացված դատարանները:
Ավելին, դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված՝ դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ:
Նշենք, որ դատական օրենսգրքով դատավորների անունները գործերի բաշխման ցանկից հանելու լիազորությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ դատարանի նախագահն այս հարցի լուծման մեջ որեւէ դեր չունի: