ՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ երեկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ, որոնք նաեւ հետագա համագործակցության մասին հիշատակումներ են պարունակում: Օրինակ՝ Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

 

Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարեւանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարեւորում է հարաբերությունները՝ կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, եւ պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ « Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։ Մենք գնահատում ենք՝ տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումների պատճառով մարդկային կորուստների իրողությունը եւ փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր եւ մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։ Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները եւ տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն եւ խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին», – ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւս շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Կարեւոր  նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարեւոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։ Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս եւ հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 եւ 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետեւողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար», – հավելել է նա։

Այլ տարբեր երկրների ղեկավարների կողմից եւս շնորհավորական ուղերձներ եւ շեշտադրումներ են եղել: Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեր երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ, եւ ես հավատացած եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կկարողանանք լավագույնս զարգացնել դրանք։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների եւ վերափոխումների հավակնոտ ծրագրի իրականացումը եւ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Չեխիան կշարունակի մնալ Հայաստանի հավատարիմ գործընկերը՝ դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին եւ աջակցող գործընկերը՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում նշված է. «Օգտվելով առիթից՝ վստահություն եմ հայտնում, որ հայ-տաջիկական բարեկամության եւ կառուցողական համագործակցության հարաբերությունները կշարունակեն շարունակաբար զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես նաեւ՝ երկու պետությունների հիմնարար շահերին համապատասխան։ Ակնկալում եմ այս ուղղությամբ Ձեզ հետ հետագա սերտ համագործակցություն»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։

Կարեւորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա եւ հետագա հնարավոր զարգացումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո եւ ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։

Հանդիպմանն ընդգծվել է՝ տարբեր ձեւաչափերով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։

 

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով է պարգեւատրել երկու աշխատակցի։ Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով եւ 40-րդ կետով, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման եւ սպասարկման վարչության, արձանագրային եւ արխիվային գործերի բաժնի պետերի զեկուցագրերը.

  1. Երկարատեւ, բարեխիղճ եւ բարձրորակ աշխատանքի համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգեւատրել.

1) Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման եւ սպասարկման վարչության մատակարարման եւ տեխնիկական սպասարկման բաժնի գործավար Աննա Սողիկյանին

2) Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արձանագրային եւ արխիվային գործերի բաժնի առաջատար մասնագետ Գոհար Համբարձումյանին:

 

  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման եւ սպասարկման վարչության պետի վրա:
  2. Որոշման կատարման հսկողությունը դնել Երեւանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանի վրա»:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու Կաթողիկոսներին մեկ հարկի տակ հավաքելու եւ քննարկում կազմակերպելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես հայտնի է, նման առաջարկությամբ հանդես էր եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, սակայն, հենց առաջին նախագահն է որոշել զբաղվել այդ հարցով:

Եվ ահա, ArmLur.am-ի  տեղեկություններով, հենց նա է կազմակերպելու, որ ՀՀ եւ Արցախի բոլոր նախագահներն ու կաթողիկոսները հավաքվեն ու Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու ելքեր առաջարկեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք պահանջելու են, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քայլեր անի այդ ուղղությամբ եւ չխուսափի պատասխանատվությունից: Ավելին, մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին:

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանն ուսումնասիրություններ է իրականացնում իր ենթակայության տակ գտնվող դպրոցներում ու մանկապարտեզներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում թաքստոցները պատսպարմանը պատրաստ լինեն: ArmLur.am-ին քաղաքապետարանից փոխանցեցին, որ այս պահին վարչական շրջաններում ընթանում են կցագրման ճշգրտման աշխատանքներ, թե որ շենքի բնակիչների թաքստոցը որտեղ է լինելու:

Ավելին, արդեն կան որոշակի վարչական շրջաններ, որտեղ բուն թաքստոցների տարածքների մաքրման աշխատանքները կամ ավարտվել են, կամ արդեն ընթանում են: Քաղաքապետարանից փոխանցեցին, որ ըստ շենքերի գտնվելու վայրերի՝ այս կամ այն թաքստոցների կոնկրետ տեղերի մասին բնակիչները կիրազեկվեն շենքերի մուտքերի մոտ, տեսանելի վայրերում փակցված թերթիկներով:

 

 

 

 

ՆՊԱՍՏ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

Ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թվականի hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում կիրականացվի անկանխիկ եղանակով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2024 թվականից մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները իրականացնել անկանխիկ եղանակով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը քաղաքներում ներդրվել է: Իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում։

Բացի այս, սոցապ նախարարությունն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ՝ հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։

 

 

 

 




Լրահոս