ՎՆԱՍՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի ողբերգական պայթյունը ցնցեց ողջ հայ ժողովրդին:

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան 3 շաբաթ, սակայն տարածքն այդպես էլ չի մաքրվում փլատակների հետքերից: Ավելին, չի ապամոնտաժվում պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը, ինչպես նաեւ շարունակում է միակողմանի փակ մնալ «Սուրմալու»-ին հարակից փողոցը:

Տարածքը մաքրելու գործը մի գերատեսչությունը մյուսի վրա է գցում: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց պատասխանատու կառույցների հետ: Նախ զրուցեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ: Սակայն Կոստանյանը փոխանցեց, որ իրենց լիազորություններից դուրս է եւ հավելեց, որ դրանով սեփականատերը պետք է զբաղվի. «Մեր մասով գործողություններն այնտեղ ավարտված են»:

Երեւանի քաղաքապետարանից եւս որեւէ հուսադրող պատասխան չտվեցին: Միայն նշեցին, որ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Փաստորեն, ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ դա հանրային տարածք չէ:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այդ տարածքում դեռ քննչական գործողությունները շարունակվում են: Բայց նկատենք, որ մեր այցելության պահին այնտեղ ոչ ոք ոչինչ չէր անում, որեւէ գործողություն չէր իրականացվում: Իսկ հարակից տարածքում բնակվող քաղաքացիները դժգոհում են ոչ միայն ճանապարհի միակողմանի փակ մնալուց, այլեւ փոշուց ու աղբից: Ի դեպ, փլատակի վերածված տարածքի դիմացի առեւտրկանները դժգոհում են՝ նշելով, որ փոշուց բացի, մեծ քանակի ճանճեր են հայտնվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր 16 քաղաքացի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ., Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ., Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ., Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ., Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ., Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ., Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ., Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ., Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ., Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ., Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ., Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ., Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ., Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ., Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ. եւ անձը չպարզված մեկ քաղաքացու դի) եւ անհետ կորած է համարվում քաղաքացի։

 

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության եւ զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից  հայտնում են, որ այդ ապացույցների մեջ ներառված են Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների եւ սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը: Դատարանին ներկայացվել է նաեւ Ադրբեջանում՝ հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ, եւ կրկնելով իր հրատապ խնդրանքը՝ Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտող հայտարարություն է տարածել սեւազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանության հատուկ ջոկատայինների գործողությունների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Երեկ, Հայաստանի անկախության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության վայրագ դրսեւորումներով ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնց մեջ մեծամասնությունը սեւազգեստ մայրեր էին։ Ընդ որում, ոստիկանության բռնի գործողությունները ուղեկցվել են կանանց ոտքերից ու ձեռքերից քարշ տալու անպարկեշտ տեսարաններով, ինչպես նաեւ՝ նրանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։

Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ուժ է կիրառում սեւազգեստ մայրերի նկատմամբ։ Հաճախ որդեկորույս մայրերը բռնությունների էին ենթարկվում պետական շենքերի դիմաց ակցիաներ կազմակերպելու համար։ Սակայն, այս անգամ նրանք բռնի կերպով հեռացվեցին իրենց որդիների շիրիմների տարածքից, որպեսզի իշխանություն ունեցողները այցելեն «Եռաբլուր»։

Այսօր, երբ երկրի սահմաններին տեղի է ունենում լայնածավալ բռնություն եւ պանթեոնում նոր շիրիմներ են ավելանում, առանց այդ էլ մեծ լարում ու տագնապ ապրող մայրերը ենթարկվում են հարձակման՝ արդեն ոստիկանության կողմից։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է այս ծայրաստիճան անընդունելի, վայրագ գործողությունները եւ պահանջում. «Հայաստանի Հանրապետության անկախության օրը բռնության մերժման, եւ ոչ թե ցուցադրման օր է։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ամեն ինչ անել՝ առանց բռնության երկիր կերտելու  ճանապարհին»։

 

 

 

 

ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Եղեգիս եւ Չարենցավան համայնքների ղեկավարները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ պահանջել զրահատեխնիկա: Բանն այն է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է, որ պեսզի այս երկու համայնքներում կառուցվող հուշահամալիրների տարածքում տեղադրեն: Մեզ հայտնի դարձավ, որ Չարենցավանում կառուցված է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված 51 ազատամարտիկների պանթեոն, որին մարտական տեսք տալու համար կտրամադրվի շահագործման համար ոչ պիտանի մեկ միավոր հրանոթ:

 

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Հայաստանի կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին եւ վիրավորում ստացած անձանց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով: Իսկ 300 հազար դրամ գումար էլ կտրվի հիվանդանոցային պայմաններում երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար կտրամադրվի 3 մլն դրամ: Խոսքը 41 շահառուի մասին է՝ 24 վիրավորում ստացած եւ 17 զոհված: Այսինքն, այս նպատակով ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55 մլն 650 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Երեկ վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում՝ կանանց, որոնք եկել էին այստեղ՝ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»: Armlur.am-ը տեղեկացավ, որ բերման է ենթարկվել 39 ծնող, նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ եւ քիչ անց ազատ կարձակվեն։

 

 

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ ահա կնոջը՝ Աստղիկ Գալեյանին, Մասիվի ոստիկանության բաժին: Բաժնում հայտնել են, որ չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին եւ վարչական պատասխանատվության մասին արձանագրություն են կազմել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս