Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը Արցախի պետական համալսարանում նշանավորվեց առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությամբ:
Համալսարանից հայտնում են, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը մայր բուհի ավանդական միջոցառումներից է: Սեպտեմբերի 21-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, համալսարանականներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:
Ուսանողների երդման խոսքը ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման, գիտելիքների ձեռքբերման եւ հանուն հայրենիքի ու մարդկության բարօրության ծառայելու պարտավորվածության խոսք էր. «Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով եւ պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել եւ սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման եւ բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ռեկտորատի, գիտխորհրդի եւ պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին ՀՀ անկախության տոնի եւ երդման արարողության առթիվ:
«Մայր բուհում ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիների երդման արարողությունը: Երդում, որը կատարվում է մեր լույս տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ. ասել է թե՝ Դուք, սիրելի՛ առաջին կուրսեցիներ, երդվելով այս հուշարձանի մոտ, պարտավորվում եք Ձեր ամբողջ կյանքում համալսարանում ձեռք բերված գիտելիքները, փորձը կիրառել միմիայն հայրենիքի բարգավաճման համար»,-նշել է ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ երդմամբ ստանձնած պարտավորությունները ուսանողները կատարելու են անշեղորեն:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ ԱրՊՀ խորհրդի անունից ՀՀ անկախության տոնի եւ երդմնակալության առթիվ շնորհավորելով ուսանողներին, խորհրդանշական է համարել միջոցառման կազմակերպման օրն ու վայրը, եւ դիմելով ուսանողներին՝ նշել է. «Այն կրթությունը, որը պետք է Դուք ստանաք Արցախի պետական համալսարանում, արժեքահեն կրթություն է. արժեքահեն, որովհետեւ հանուն անկախության, ազատության եւ մեր ազատամարտիկների նվիրման արժեքների ու գաղափարների Դուք պատրաստ եք կրթություն ստանալ եւ շարունակել մեր նախնիների, մեր ավագների կողմից ընտրված ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ համալսարանը շարունակում է այս ավանդույթները եւ տարեցտարի բարելավում պայմանները, որի շնորհիվ համոզված եմ, որ տարիների ընթացքում, նաեւ Ձեր ջանքերով, Ձեր ստացած կրթության հիման վրա՝ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել մեր պետականության ու անկախության առջեւ ծառացած եւ ապագայում ծառանալիք խնդիրները»:
Ուսանողներին շնորհավորել է նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը.
«Սիրելի՛ ուսանողներ, տեղին կլինի մեջբերել Նժդեհի խոսքերը. «Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը»: Վաղը մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր: Դուք եք այն հիմնաքարը, որը կլինի մեր պետականության ամրապնդողը: Եղեք հավատարիմ Ձեր երդմանը եւ հող հայրենիին»:
Հասարակական գործիչ եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, շնորհավորելով ուսանողներին, հորդորել է նրանց լինել ինքնավստահ եւ հավատալ սեփական ուժերին, որը, նրա խոսքով, հաջողության հասնելու ուղին է. «Հավատացե՛ք, որ ամեն ինչ Ձեր ձեռքերում է, Ձեր ձեռքերում է Ձեր ապագան: Ուզում եմ Ձեզ ցանկանալ, որ կյանքում երբեք չհիասթափվեք: Հավատացեք Ձեր ուժերին, եւ ամեն ինչի կհասնեք, կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Եթե քո մեջ կա հավատ եւ ուժ, դու կհասնես նպատակներիդ: Ուզում եմ ցանկանալ, որ լինեք ուժեղ, երջանիկ, միշտ հավատաք ձեր ուժերին եւ գնաք առաջ. չկանգնեք»:
Արարողության ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով եւ հայրենասիրական երգերի կատարմամբ, իսկ ամենաբարձր միավորներով բուհ ընդունված առաջին կուրսեցիները՝ հանդիսավոր ստացել իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը:
ԵՌԱԲԼՈՒՐԻ «ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱԽՏՎԵԼ Է
Եռաբլուրի համընդհանուր ու տնքացող լռությունը նոր փոսեր փորող տեխնիկայի ձայն է խախտում՝ ասես բթացնելով արդեն երկու տարի բոլորիս համակացած ցավն ու մղկիտը:
Ամենուր տարածված խնկի հոտն է դույզն-ինչ հանգստացնում մարդկանց, բայց զավակներին ամենուր փնտրող ծնողների ցավին այն ոչ մի կերպ չի դարմանում: Քարացած հայացքներով դեպի անհայտը նայող անմահացածների հետ լուռ կամ հեծկլտալով մեկուսի մենակխոսող մայրերի մաղթանքը մեկն է՝ աշխարհում ոչ մի կին ու ծնող չզգա, չտեսնի այն, ինչ իրենք են այժմ զգում: Մարդկային այդ ցանկությունը սակայն նորից փոս փորող տեխնիկայի աղմուկն է բթացնում:
Իրական սահման գծածների անդորրը եռաբլուրում մեկ այլ՝ սեւուսպիտակի սահման գծածներն են խաթարում ու ոտնատակ անելով ամեն մի սրբություն՝ քարշ տալիս հերոսածինն մայրերին, հայրերին, ինչ է թե՝ երկրի փաստացի ղեկավարը մի քանի րոպեով կարողանա Եռաբլուր այցելել:
Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի պատվին Վարդան անվանակոչված Ամալյանների զավակը, ցավոք, 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն էլ Դուշմանի կողքին ննջեց: Բեկված քարի մի հատվածում Վարդանի ծնունդն է, մյուս հատվածում՝ անմահությունը:
Վարդանի ու հազարավոր հերոս տղաների խիզախության շնոհիվ պահած ու փայփայած պետությունը՝ Հայաստանի Հանրապետութունը, այսօր 31 տարեկան է, ու անկախ այն հանգամանքին, որ օրվա իշխանությունը ո՛չ զորահանդես, ո՛չ էլ պետական նշանակության այլ միջոցառում չի կազմակերպել, այնուամենայիվ, հայ մայրերը դեռ շարունակելու են Վարդաններ, Դավիթներ, Նարեկներ եւ բազում դյուցազուններ ծնել՝ նրանց համար հայրենիքի մասին օրոր երգելով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
31-ԱՄՅԱԿ
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 31-րդ տարեդարձը: 31 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։ Արդեն 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները:
Այս տարի ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումները, Ադրբեջանի՝ սեպտեմբերի 12 լույս 13-ին Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի պատճառով Կառավարությունը հետաձգել է:
«ՓԱԽՈՒՍՏ» ԶՈՐԱՀԱՎԱՔԻՑ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց եւ ելույթ ունենալուց հետո կրկին կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:
Նախ՝ Ռուսաստանի արժեթղթերի շուկան է կտրուկ անկում ապրել Պուտինի ելույթից հետո, բացի այդ՝ կտրուկ թանկացել են Մոսկվա-Երեւան ավիատոմսերի արժեքները: Օրինակ՝ երեկվանից Մոսկվա – Երեւան չվերթների տոմսերի գինը կտրուկ բարձրացել է եւ տատանվում է 700.000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի սահմաններում: Եվ դեռ ավելին, մասնակի զորահավաքի հայտարարումից հետո, տոմսերն արագ սպառված են, առաջիկա օրերի համար եւս: Meduza կայքը հրապարակել է այն երկրների ցանկը, ուր կարելի է «փախչել» ռուսական անձնագրով։ Ցանկը գլխավորում է Հայաստանը, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մնալ 180 օր՝ չունենալով ճամփորդական անձնագիր։ Այս ցանկում են նաեւ Բելառուսը, Ղրղզստանը եւ Ղազախստանը։ Այս համատեքստում կտրուկ աճել են դեպի Երեւան ինքնաթիռի տոմսերի գները՝ հասնելով մոտ 700 հազար դրամի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին։ «Մոբիլիզացիան անհրաժեշտ է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ժողովրդի եւ ազատագրված տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»», – պարզաբանել է նա։
«Զինվորական ծառայության կկանչվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, եւ առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն կոնկրետ ռազմական մասնագիտություններ եւ համապատասխան փորձ»,- ընդգծել է Պուտինը։