ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 97

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականին Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաեւ նոր ստեղծվելիք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին եւ վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը: «Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը: Սակայն, ինչպես շատ այլ դեպքերում, այս անգամ եւս, Փաշինյանը, իշխանության գալուց հետո, մոռացավ նախկինում իր կողմից արված հայտարարութունների մասին, եւ Արցախի մասին որոշումներ կայացվեցին՝ առանց նրանց ու նրանց ներկայացուցչի: Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են բազմիցս, սակայն ոչ մի անգամ Արցախից ներկայացուցիչ չի եղել: Ստացվում է՝ ընդդիմադիր ժամանակ արված իր հայտարարությունները նրա հերթական սուտն են եղել, եւ գալով իշխանության՝ նա չի կատարել դրանք՝ հերթական անգամ խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետեւ ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ: «Ու, ընդհանրապես, խաղաղության պայմանագրին բավական է այդքան թեթեւ նայենք: Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ չէ, որ դա կնքես ու դրանով ապրես: Այն պետք է իրողություններն արձանագրի, ու հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են: Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել, բայց դրա առաջին կետը, կարծում եմ, հետեւյալը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք ընդունենք, որ եկել, մտել են մեր տարածքները. նման բան ինչպե՞ս կլինի»,- նշեց նա: Ըստ ՔՊ-ականի՝ նախ՝ պետք է պայմանավորվել, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր տարածքից, հետո՝ նոր պետք է խոսել պայմանագրի մասին: Ավելին, մինչեւ սահմանազատում չլինի, չի կարող երկրների միջեւ պայմանագիր կնքվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն  է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»: Եւ այսպես, Վահե Ղազարյանն իր մեղքը փորձում է բարդել ենթակաների վրա, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը. մինչդեռ հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել ոստիկանապետ Ղազարյանի հրաժարականը: Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում խայտառակություն էր եւ անբարոյականություն:

 

 

 

Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն: Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, եւ ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգեւավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ: Պետական պարգեւատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ որին հատկացված պարգեւատրումները, ներառյալ՝ դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները, կազմում են 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ: Հատկանշական է, որ մենք ոստիկանությունից բացի ունենք պետական համակարգի շատ ավելի կարեւոր գործառույթ իրականացնող աշխատակիցներ, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ կառույցներ: Իհարկե, պաշտպանության նախարարությանը հատկացվող պարգեւատրումների ֆոնդը գաղտնի է պահվում, բայց, վստահաբար, ոստիկանությունից շատ չէ, ու ոստիկանությունը գերիշխում է շատ պարգեւավճար ստացող գերատեսչությունների ցանկը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը», ու, այսպես էլ, 2020 թվականից մինչեւ հիմա, այս համերաշխության մեջ ապրում է: Տպավորություն է, որ մի ողջ ոստիկանական համակարգ Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահ է աշխատում եւ նրա անվտանգությունն է ապահովում, որի վառ եւ ամենատպավորիչ դրսեւորումն եղավ Եռաբլուրում, երբ ոստիկանները ուժով ծնողներին իրենց որդիների գերեզմանից հրեցին ու հեռացրեցին, որպեսզի Փաշինյանը գա ու ծաղիկ դնի իրենց որդիների գերեզմաններին:

 




Լրահոս