ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 05-ին կայացած Ամասիա խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները չընդունելով՝ 2022 թվականի հունվարի 4-ին Ամասիայի համայնքապետարանի կողմից ձեւավորված ընդունող հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ, 2021 թվականի դեկտեմբերի 05-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների Ամասիա համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով եւ համայնքի ավագանու՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3 –Ա որոշմամբ՝ համայնքի ղեկավար ընտրված Ջեմմա Հարությունյանի հետ այցելել են Բերդաշեն բնակավայրում գործող նախկին Արփի խոշորացված համայնքի համայնքապետարան՝ հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու նպատակով, որը տեղի չի ունեցել, քանի որ Արփի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ուղղակի դիտավորությամբ հրաժարվել է կազմակերպել գործընթացը, դրա փոխարեն՝ ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքները՝ խաթարելով Ամասիա խոշորացված համայնքի բնականոն գործունեությունը:

 

Այնուհետեւ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Մերգել Ղարիբյանը 2022 թվականի փետրվարի 3-ին Ամասիա համայնքից ժամանած ընդունող հանձնաժողովի անդամների պահանջներին դեմ գնալով, գիտակցելով, որ գործում է սահմանված կարգի խախտմամբ՝ ինքնակամ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները որպես նախկին Արփի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, կրկին, ուղղակի դիտավորությամբ, հրաժարվել է իրականացնել հանձնման գործընթացը եւ հանձնել իր մոտ առկա՝ նախկին Արփի խոշորացված համայնքին վերաբերելի փաստաթղթերն ու գույքը՝ խաթարելով Ամասիա խոշորացված համայնքի բնականոն գործունեությունը, այն է՝ Ամասիա խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար Ջեմմա Հարությունյանը տեւական ժամանակ է, ինչ զրկված է նախկին Արփի համայնքի վերաբերյալ փաստաթղթերին տիրապետելուց, հետեւաբար, նաեւ, պատշաճ ընթացակարգով նախկին Արփի համայնքի մեջ ընդգրկված վարչական բնակավայրերին վերաբերող պաշտոնեական պարտականությունները լիարժեք իրականացնելուց՝ դրանով էական վնաս պատճառելով համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի իրավունքներին եւ համայնքի օրինական շահերին:

Բացի այդ, 2021 թվականի օգոստոսի 20-ին «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, 2021 թվականի դեկտեմբերի 17-ից Արփի համայնքի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարեցված լինելու պայմաններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կազմել եւ շինարարության օբյեկտը շահագործման հանձնելու՝ ընդունող հանձնաժողովի ակտը հանձնաժողովի անդամների հաստատմանն է ներկայացրել, որից հետո իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելով՝ ուղղակի դիտավորությամբ, ստորագրել եւ Արփիի համայնքապետարանի կլոր կնիքի դրոշմով հաստատել է այն, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ սուբվենցիայի ծրագրով նախատեսված 18.823.660 ՀՀ դրամը մինչ այժմ չի փոխանցվել ընկերությանը։

Բացի այդ, թիվ 22150322 քրեական գործով վարույթի ընթացքում 2022 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել առգրավել նախկին Արփի խոշորացված համայնքին վերաբերելի գույքը, փաստաթղթերը, իսկ որոշմանը ծանոթանալու նպատակով՝ այն ներկայացվել է Մերգել Ղարիբյանին եւ առաջարկվել հանձնել որոշմամբ նշված, առգրավման ենթակա փաստաթղթերը, ով, իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, ուղղակի դիտավորությամբ՝ հրաժարվել է հանձնել առգրավման ենթակա փաստաթղթերը, գույքը եւ կնիքները, այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի իրավունքներին եւ համայնքի օրինական շահերին:

Այսպիսով,  Մերգել Մուրադի Ղարիբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրության համար վտանգավոր արարքները մեղավորությամբ կատարելու համար:

 

 

 

 

ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ ՕՊԵՐԼԻԱԶՈՐԻՆ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել՝ Ճամբարակի օպերլիազորի սպանության դեպքի մասով:

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օպերլիազորին սպանելու դեպքի ականատեսներ են եղել եւ իրավապահներին պատմել են, թե ինչպես է եղել դեպքը: Ասել է թե՝ կոնկրետ ավագ օպերլիազորին ենթադրյալ սպանած անձի ինքնությունը հայտնի է, եւ նրան փնտրում են: Իսկ հիմա կարեւոր հանգամանքի մասին. ինչո՞ւ են սպանել Ճամբարակի օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին, արդյո՞ք կատարվածը կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախնական տվյալներով՝ նրան սպանել են անձնական դրդապատճառներով, որոնք կապված են մեկ այլ անձի ընտանիքի հետ: Նախաքննությանը չվնասելու եւ ընտանիքների անվտանգությունից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք ներկայացնում:

Նշենք, որ իրավապահները որոնում են ենթադրյալ սպանություն կատարողին:

Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Երեւանի Ճամբարակ էր շտապել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Արդյունքում, պարզվել էր , որ սպանվածը Սիփան Սարիբեկյանն է, որ աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Սյունիքի մարզպետի ազատված տեղակալի քրեական գործը տեղափոխվեց Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Տիգրանի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը:

Հիշեցննեք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտի» 1-ամյա ուղեւոր Ալեքս Շահբանդարյանը մահացել է, իսկ 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն։

 

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԲԱԺԻՆ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները, նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել եւ դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել եւ տեղափոխել բաժին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 8 պարկուճ:

Զննությամբ՝ 41-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ պահունակով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ պահունակով, տարբեր տրամաչափի 1098 փամփուշտ եւ 8 պարկուճ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Գանձակցի 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 




Լրահոս