ՔՊ-ում նոր կանոններ են. Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որեւէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Ոստիկանության կարմիր ու սեւ բերետավորները, հանուն Նիկոլ Փաշինյանի անվտանգության, բառիս բուն իմաստով քարշ տալով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների մայրերին, հայրերին, քույրերին։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ փորձում էր լսել Ազգային ժողովի մեծամասնության՝ ՔՊ-ականների տեսակետը։ Լիահույս էինք, որ ժողովրդավարության մասին զօրուգիշեր դիֆերամներ ձոնող իշխանավորները խստագույնս կդատապարտեն տեղի ունեցածը, այնինչ, նրանց հետ զրուցել այդպես էլ չստացվեց. նրանք թե՛ մեր զանգերը, թե՛ հաղորդագրություններն անպատասխան թողեցին։ Ավելին՝ պատգամավորներից մեկն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հորդորեց իր հետ շփվելու պատվին արժանանլու համար՝ դիմել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ «Մեր խմբակցության հարցազրույցները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Խնդրում եմ մինչ ինձ հետ հարցազրույց ունենալը՝ դիմել նրան»,- ասաց տիկին Վարդանյանը։

Իշխող թիմի պատգամավորները, որ ըստ օրենքի ու կանոնակարգի՝ ազատ են իրենց խղճի, մտքի ու համոզմունքների մեջ, փաստորեն սոսկալի կաշկանդվածություն ունեն խմբակցության քարտուղարից։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ թեմայով խոսելու արգելք կա կառավարական կաբինետից, բայցեւ հետաքրքիր է՝ ծիծաղելի այս պատասխանը պատգամավորները Հանրային հեռուստաընկերությա՞նն էլ են տալիս։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս