
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: