Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:




Լրահոս