Առանց Արցախ չկա Հայաստան. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայան պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։




Լրահոս