Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ասում է, որ երկու տարում` 44-օրյա պատերազմից հետո, պաշտպանության նախարարությունում` սահմանների կահավորման ու զենք ձետք բերելու առումով, անխոս հնարավոր էր մի շարք փոփոխություններ անել։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պաշտպանական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունում նախ պետք էր կոմպետենտ ղեկավար նշանակել, ավելին` այդ երկու տարում հնարավոր էր 5-6 ամիս ԳՇ պետի պաշտոնը թափուր չթողել, ինչն իր ուղղակի եւ անուղղակի հետեւանքները թողեց բանակի մարտունակության վրա։
«Մինչ այս պահը ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված մարդ չկա. ահա այդ ամենն էր անհրաժշտ իրականացնել 2 տարվա ընթացքում։ Երկու տարին բավական էր հասկանալու համար, որ թշնամական հարեւանի հետ, առնվազն այս փուլում հնարավոր չէ այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացել։ Հասկանալ նաև, որ այդօրինակ թեզերով բթացում ու իրականության զգացումից կտրում են մարդկանց։ Երկու տարվա ընթացքում կարելի էր պարգեւավճարներ չստանալ եւ այդ միջոցները ուղղել բանակի հզորացման գործին»,-մեզ հետ զրույցում շեշտում է ռազմական փորձագետը։
Ըստ նրա ` երկու տարում կարելի էր հասկանալ նաև, որ դիվանագիտական բլոկը պետք է բաղկացած լինի փորձառու դիվանագետներից, ոչ թե լավ անգլերեն կամ իսպաներեն իմացող մարդկանցով։
«Ահա այս ամենն ու մի շարք այլ հանգամանքները ուղիղ կապ ունեն պետության անվտանգության, բանակի զինման եւ մարտունակության հետ»,- ըմդգծում է Մանգասարյանը։
Սևակ Վարդումյան