Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել մի քանի համայնքներում: Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուները պարտվել են 7 համայնքում, սակայն մյուս թեկնածուներից ավել ձայն հավաքած ոչ բոլոր համայնքներում են կարողացել ապահովել անհրաժեշտ 50+ ձայներ եւ պետք է կոալիցիա կազմեն՝ քաղաքապետ ընտրելու համար:
Որ համայնքներում է ՔՊ-ն պարտվել եւ ովքեր են զբաղվել քարոզչությամբ: Լոռու մարզի չորս համայնքներից երկուսում ՔՊ-ն պարտվել է, երկուսում էլ առաջատար է, սակայն Գյուլագարակ համայնքում ձայների տարբերությունը շատ չնչին է: Ալավերդի համայնքում նորաստեղծ Ապրելու երկիր կուսակցության թեկնածուին պարտվել է ՔՊ թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Տաշիր համայնքում ևս պարտվել է ՔՊ-ն, իսկ Լոռի բերդում իշխող կուսակցությունն առաջատարն է: Այսպիսով, այս մարզում կոալիցիաներ կկազմվեն՝ մի քանի համայնքների կառավարումը ստանձնելու համար: Լոռու մարզում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լծվել էր քարոզարշավի լայն թափով: Այստեղ թեկնածուների հետ ակտիվ քարոզարշավի էր լծված պատգամավոր Արփի Դավոյանը, որը պարբերաբար լուսանկարներ ու տեղեկություն էր տարածում սոցիալական ցանցի իր էջում: Նրա հետ պարբերաբար մարզ են այցելել նաեւ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Արսեն Թորոսյանը:
Մյուս մարզը, որտեղ ՔՊ-ն լծվել էր քարոզարշավի, Սյունիքի մարզն էր: Այստեղ ընտրություններ են եղել երկու համայնքներում՝ Սիսիան եւ Քաջարան: Վերջին համայնքում հաղթանակ է տարել գործող համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, իսկ ահա Սիսիան համայնքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ եւ պետք է կոալիցիա կազմեն՝ քաղաքապետ ընտրելու համար: Սիսիան համայնքում հատկապես ակտիվ է եղել ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը երեկ նաեւ միջադեպի կենտրոնում է հայտնվել: Լուսանկարներում տեսնում ենք նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի, եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսկացության ցուցակով: Ասել է, թե Կարեն Համբարձումյան դուրս էր եկել հենց իր բաջանաղի եղբոր դեմ եւ հենց վերջինս է առաջատարը:
Լոռու մարզ այցելելուց բացի, Արմեն Խաչատրյանն ակտիվ է եղել հենց իր հայրենի Սյունիքում, մասնավորապես Քաջարան համայնքում, սակայն այստեղ Մանվել Փարամազյանը բացարձակ առաջատարն է: Ուշագրավ պատկեր է Տավուշի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ մարզում Բերդ համայնքի գործող ղեկավարը, որը կալանավորված է, կարողացել է հաղթանակ տանել. Ղալումյան եղբայրները անզոր են եղել: