Կարող էինք կանխել պատերազմը. Փաշինյանը խաբել է. մաս 99. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարին: Այս երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի, հետո արդեն՝ 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին՝ մե՛կ ասելով, թե կարող էր կանխել պատերազմը, մե՛կ ասելով, թե դա հնարավոր չէր:

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի». սա նրա՝ 2022 թվականի ապրիլի 13-ին արած հայտարարությունն է, ինչից հետո՝ ուղիղ մեկ օր անց, ՀՀ վարչապետը կրկին հակադարձեց իրեն՝ ասելով թե՝ պատերազմն իրականում կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր, քանի որ «պատերազմը Շուշիի համար էր»։ Իսկ, ահա, երբ նա նոր էր դարձել վարչապետ, խրոխտ հայտարարում էր, թե առանց ժողովրդի համաձայնության, որեւէ թուղթ չի ստորագրի:

«Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»,- 2018-ի օգոստոսի 17-ին ասում էր նա։ Բացի դրանից, մե՛կ ասում է, թե Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն չի եղել, մե՛կ հերքում ինքն իրեն, թե դրա մասին բանավոր են պայմանավորվել:

Մեկ այլ հանգամանք եւս. 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք:

Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել: Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը. այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»:

Իրարամերժ այս հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը ստել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս