Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար հիմք ընդունել 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է գեոդեզիստ–քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ:
-Պարո՛ն Շահինան, 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները եւ Նյու Յորքում նրա ելույթի ժամանակ հնչած 29.800 կմ-ը նու՞յն սահմաններն են ենթադրում:
-Ըստ էության երկու հայտարարությունում էլ խոսք է գնում նույն սահմանների մասին, սակայն չկա հստակեցում, թե որ սահմանի մասին է գնում խոսքը: Սահմանները պետք է միշտ հստակ ինչ-որ իրավական փաստաթուղթ, դա կարող է ոչ հիմնավոր լինի, բայց փաստաթուղթ լինի: Չի կարելի հստակ ասել, թե որ քարտեզի մասին է խոսքը, սակայն այն հնչած գաղափարը, որ պետք է հիմք ընդունել 1991 թվականին գործող սահմանները, ապա այդ թվականին, քանի որ արդեն իսկ պատերազմ էր ընթանում, ապա այնտեղ արդեն իսկ սահմանային որոշ վերատեղակայումներ կային: Եվ պետք է հստակ հաշվի առնել, որ դա տարբերվելու է ցանկացած գոյողություն ունեցող քարտեզից: Ես նախկինում էլ եմ նշել, որ առաջին հերթին սահմանազատման աշխատանքներում, պետք է հստակեցվի, թե ինչ սկզբունքով են ընթանալու սահմանազատման աշխատանքները: Քանի դեռ այդ սկզբունքները հրապարակված չեն, չի կարելի խոսել պետության մասին:
–Այսինքն, հստակ չե՞ն այն սահմանները, որոնք եղել են 1991 թվականին եւ որը որպես հիմք է հայտարարվում:
-Միանշանակ, քանի որ 1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե եղել է սահման, այլ եղել է ռազմաճակատ: Հայաստանի սահմանը, այսինքն՝ 29 743 քառակուսի կիլոմետրի մասին, երբ գնում է խոսքը, 1970-ականների թվականի քարտեզներով սահմանված այն տարածքներն են, որտեղ կան եւ՛ անկլավներ, եւ՛ կան Հայաստանի խորհրդային հանրապետության զիջած տարածքները: Այսինքն, սա այն վերջին թիվն է, որը ֆիքսվել է Սովետական Միության վերջին հրապարակված քարտեզներով: Իսկ վերջին հրապարակված քարտեզները եղել են 1980-1988թթ., դրանից հետո քարտեզի թարմացում Հայաստանի տարածքում չի արվել: Երբ խոսք է գնում այս մակերեսի մասին, ապա պետք է հասկանալ, որ այնտեղ կան անկլավներ:
-Երբ սահմանազատման եւ սահմանագծման մասին խոսք գնաց, տարբեր տարեթվերի քարտեզների մասին խոսք գնաց: Ո՞ր թվականի քարտեզն է ավելի ձեռնտու Հայաստանին:
-Հայաստանին միանշանակ ձեռնտու են այն քարտեզները, որոնք ավելի շատ տարածք են Հայաստանի համար նախատեսում: Սակայն պետք չէ լինել ծավալապաշտ եւ փորձել ձեռք բերել ամեն ինչ: Մենք պետք է լինենք ռացիոնալ եւ փորձենք խնդիրը լուծել արդարացիորեն: Միգուցե իմ ասածը ծանր է հնչում, բայց անգամ թշնամու հետ դու պետք է փորձես քո հարցը կարգավորել արդարացիորեն, որպեսզի այդ պայմանավորվածությունն ունենա դարերի կամ տասնամյակների կյանք: Այստեղ թյուր է այն ըմբռնումը, որ եթե Ադրբեջանի հետ մենք կարողանանք կնքել մաքսիմալ մեզ համար լավ պայմանագիր, դա երկար է լինելու: Այսինքն, այն պետք է լինի միանշանակ փոխզիջումային եւ ընդունելի երկու կողմերի համար: Երբ նայում ենք մենք հիմքերի տեսանկյունից, էլի պետք է վերադառնանք սկզբունքներին, եթե օրինակ մենք հիմք եք ընդունում այն տարածքները, որով մտել է ԽՍՀՄ տարածք, ապա կարող են հիմք ծառայել 1926 -1932 թթ. քարտեզները, եթե հիմք ենք ընդունում վերջին վերահաստատված քարտեզները, ապա դրանք ավելի ուշ ժամանակների քարտեզներ են: Իսկ, եթե գնում ենք դե ֆակտո զբաղեցված տարածքներով սահմանզատման, ապա խոսք է գնում 1970-ական քարտեզների մասին, սակայն վերջին ժամանակներս դրանից էլ պակաս տարածք է զբաղեցնում ՀՀ-ն:
-1991 թվականի սահմանները փոխզիջումային տարբերակ կարո՞ղ ենք դիտարկել, ինչ սահմաններ է այն ենթադրում:
-1991 թվականի դե ֆակտո իրավիճակով անգամ Ադրբեջանն այդ տարբերակին կարող է չհամաձայնվել, քանի որ այնտեղ արդեն եղել էին մարտական գործողություններ եւ հայկական կողմն ուներ ամուր դիրքեր: Դրանից հետո արդեն գոյություն ունի ՀՀ ներպետական մակարդակով ստեղծված քարտեզներ, շարք գոյություն ունի, այնտեղ իհարկե արտաքին սահմանների ճշգրտման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն կան թարմացված քարտեզներ: ՀՀ-ն ըստ էության փոխճանաչման պայմանագրեր հարեւան ոչ մի պետության հետ չունի: 1991 թվականի իրավիճակով եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի իրավիճակով սահմանները եղել են նույնը: Դրանից հետո իրականացվել են արդեն իսկ փոփոխություններ սահմանային իրավիճակի եւ տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո սահմանին իրականացված ռազմական գործողություններով, ՀՀ տարածքն աստիճանաբար փոքրացվել է եւ արդեն ունենք պաշտոնական թիվ, որ 40 քառակուսի կիլոմետրով փոքրացել է:
-Այսինքն, ստացվում է՝ Ադրբեջանը պետք է վերադառնա՞ ելման դիրքեր:
-Ոչ միայն պետք է վերադառնան ելման դիրքեր, այլ նաեւ համաձայնեն այն սահմանային իրավիճակին, որը գոյություն ուներ 1991 թվականին փաստացի: Որքանով ես եմ հետեւում իրավիճակին, Ադրբեջանն անգամ այս տարբերակին համաձայն չէ եւ ծավալապաշտական նկրտումներով համաձայն չեն: Իրենք չեն ճանաչում ՀՀ ոչ մի տարածք եւ, եթե իրենց ֆեյք քարտեզին նայենք, Հայաստանը պետք է լինի 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, զբաղեցնի ներկայիս ՀՀ չորս մարզն ամբողջությամբ եւ երկու մարզը մասնակի:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը