Ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու, և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմից առաջ և ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, պատերազմական հանցագործություններ և զանգվածային այլ ոճրագործություններ՝ հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր և մշակութային հուշարձաններ։

Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, արտադատական սպանությունների են ենթարկվել գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։

Դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառագության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։ Այս ոճրագործությունների վերաբերյալ իր հստակ գնահատականն է տվել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առավել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառույցների անարգել մուտքը և գործունեության ապահովումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ։

Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021 թ․ մայիսի 12-ին, 2021 թ․ նոյեմբերի 16-ին և 2022 թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:

Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը:

Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը»։




Լրահոս