«Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ՝ մեր միջազգայնորեն ճանաչված 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը». երեկ Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն էր արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթի ժամանակ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, փաստացի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախից եւ անկլավներից, որոնց վերաբերյալ նախկինում այլ հայտարարություններ են եղել: «Անկլավներն էլ են դրանց մեջ մտնում: Էն որ՝ «հորս արեւ, մորս արեւ» երդումներ էին ուտում, «քֆուրներ» էին ուտում, որ Քյարքիի հարց չկա, Տավուշի մարզի հարց չկա. բա 29.8-ի մեջ Տավուշի անկլավները չեն մտնում: Չի մտնում նաեւ Տիգրանաշենը, տալիս է ու ինքն է առաջարկում, ասելով՝ ինձ 29.8 տվեք, հերիք է», – նշեց նա: Հիշեցնենք, որ անկլավների մասին վերջին շրջանում ՔՊ-ականների կողից բազմաբնույթ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշում էր. «Շատ է խոսվել անկլավների մասին, եւ մինչեւ այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»: Փաստորեն հիմա ստացվում է՝ առանց իրավական հիմքերը ստուգելու Փաշինյանը խնդրում է ճանաչել գոնե 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը: Այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որեւէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Ոստիկանության կարմիր ու սեւ բերետավորները, հանուն Նիկոլ Փաշինյանի անվտանգության, բառիս բուն իմաստով քարշ տալով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների մայրերին, հայրերին, քույրերին։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ փորձում էր լսել Ազգային ժողովի մեծամասնության՝ ՔՊ-ականների տեսակետը։ Լիահույս էինք, որ ժողովրդավարության մասին զօրուգիշեր դիֆերամներ ձոնող իշխանավորները խստագույնս կդատապարտեն տեղի ունեցածը, այնինչ, նրանց հետ զրուցել այդպես էլ չստացվեց. նրանք թե՛ մեր զանգերը, թե՛ հաղորդագրություններն անպատասխան թողեցին։ Ավելին՝ պատգամավորներից մեկն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հորդորեց իր հետ շփվելու պատվին արժանանլու համար՝ դիմել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ «Մեր խմբակցության հարցազրույցները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Խնդրում եմ մինչ ինձ հետ հարցազրույց ունենալը՝ դիմել նրան»,- ասաց տիկին Վարդանյանը։ Իշխող թիմի պատգամավորները, որ ըստ օրենքի ու կանոնակարգի՝ ազատ են իրենց խղճի, մտքի ու համոզմունքների մեջ, փաստորեն սոսկալի կաշկանդվածություն ունեն խմբակցության քարտուղարից։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ թեմայով խոսելու արգելք կա կառավարական կաբինետից, բայցեւ հետաքրքիր է՝ ծիծաղելի այս պատասխանը պատգամավորները Հանրային հեռուստաընկերությա՞նն էլ են տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշնիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»: Հիշեցնենք, որ Աննա վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ են գրում: Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Նկատենք՝ ոլորտի մարդիկ ավելի շատ չեն ցանկանում աշխատել Վարդապետյանի հետ եւ այդ պատճառով են հեռանում, ինչպես նաեւ ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ թիվ 81 մանկապարտեզի նորոգման աշխատանքներն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են: Իսկ մանկապարտեզի համար հերթագրված երեխաները մնացել են բախտի քմահաճույքին: Չնայած այն հանգամանքին, որ հերթագրված սաների ծնողներին խոստացել էին, որ այն բացվելու է սեպտեմբերին: Բայց այն սեպտեմբերին չի բացվել, որից հետո ծնողներին ասել են, որ մանկապարտեզը շահագործման կհանձնվի նոյեմբերին: Հետո դարձյալ ժամկետներ են փոփոխվել եւ ծնողներին լուրեր են հասել այն մասին, որ մանկապարտեզը կբացվի հաջորդ տարի՝ գարնանը: «Ասեցին սեպտեմբեր, հետո փոխեցին նոյեմբեր, ստիպված երեխային տարել ենք մասնավոր մանկապարտեզ. ամսական վճարում ենք 70-80 հազար դրամ գումար, որ գոնե մեր աշխատանքը կարողանանք պահենք: Հակառակ դեպքում պետք է գործազուրկ դառնանք ու տանը նստենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց ծնողներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան եւ խնդրեց տեղեկացնել, թե ինչն է մանկապարտեզի բացման ձգձգման պատճառը: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին, որ մինչ այս որոշ ժամանակով շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ մանկապարտեզի կառուցման մի մասը ՄԱԿ-ի ծրագրով է ֆինանսավորվում եւ դրա հետ կյապված խնդիրներ են առաջացել, հետո լուծվել են: Ապա՝ նշեցին, որ մանկապարտեզի բացումը մեծ հավանականությամբ մինչեւ գարուն չի հասնի, այլ՝ առաջիկա ամիսներին կավարտվեն շինաշխատանքները: Բայց հակառակ պատկերն արձանագրեցինք հենց մանկապարտեզի բակում, երբ այցելեցինք այնտեղ: Շինաշխատանքները ղեկավարող Գեւորգ Խոստիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մանկապարտեզը, հնարավոր է, բացվի հաջորդ տարվա գարնանը. «ըստ ժամանակացույցի՝ նոյեմբերի վերջին ավարտվում է շինարարությունը, բայց ժամանակացույցը կերկարեցնենք, որովհետեւ ունենք դրսի կոյուղու խնդիր, բացի այդ, նախագծով շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ պետք է արվեն»: Փաստորեն, Երեւանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունն արդեն մեկ տարի է, ինչ չի ավարտվում: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ քաղաքապետարանն է անտեղյակ: