Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սկսված չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչի ժամանակ հակառակորդը կիրառել է ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, թիրախավորվել են 36 բնակելի տարածք և համայնք, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը, ադրբե ջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում՝ կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել են 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ:
-Սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական զորքերը կարծես նորից կուտակվում են սահմանի երկայնքով, ու հասարակության ներսում թափառող նոր տագնապ, անհանգստություն կա, որ ադրբեջանական զորքերը նոր հարձակման են նախապատրաստվում: Այս մասով ո՞րն է ձեր վերլուծությունը:
-Ադրբեջանական զորքերի նոր կուտակում չկա, ուղղակի կա ադրբեջանական զորքերի առաջընթաց ու տեղակայում: Այսինքն՝ նրանք ոչ միայն Հայաստանի տարածքում առաջ են եկել, այլ նաեւ ապօրինի կերպով սահմանների կահավորման աշխատանքներ են տանում, ամրանում են: Իսկ դա նշանակում է, որ չեն պատրաստվում հեռանալ, ու, բնականաբար, հաջորդ պահին փորձելու են իրենց համար նպաստավոր նոր բնագծեր ձեռք բերել: Խնդիրը պետք է ընկալել ավելի խորքային մակարդակում. Ադրբեջանի ու Թուրքիայի համար կարեւորը Հայաստանի չգոյությունն է: Ու եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ադրբեջանցիները որոշ չափով առաջ կգան ու դրանով կբարարավեն կամ դադար կառնեն, ապա չարաչար սխալվում է: Բարենպաստ ամեն պահ օգտագործելու են ու փորձեն մխրճվել Հայաստանի տարածքում, որովհետեւ, կրկնում եմ, նրանց վերջնանպատակը առհասարակ Հայաստանի չգոյությունն է: Այսօր թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերն առաջնորդվում են պանթուրքական ծրագրով, որ գիտենք՝ մեկ դարից ավելի իրենց հիմնական երազանքն ու նպատակն է։ Այդ վերջնանպատակին` թուրքալեզու պետությունների միավորում ձեւավորել հասնելուն խանգարում է Հայաստանը, որ սեպի նման մխրճված է երկուսի արանքում։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը շատ լավ գիտեն, որ իրենց երկրների զգալի մասը պատմական հայկական հողեր են, հայերի տարածքներն են, ու որ իրենք այժմ ապրում են գոյություն ունեցող ժողովրդի հայրենիքով, հետեւաբար՝ քանի այդ ժողովուրդը՝ մենք, կանք տարածաշրջանում, ապա, իրենց չափումներով ու ըկալումներով, միշտ ենք վտանգ ներկայացնելու: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կարձանագրենք՝ թուրքական զորքերը, երբ Միջագետքում ու Սիրիայում գործողություններ էին իրականացնում, առաջնահերթ թիրախավորում էին հենց այն բնակավայրերը կամ թաղամասերը, որտեղ հայությունն էր բնակվում: Այսինքն՝ իրենք ոչ միայն հայկական լեռնաշխարհը, այլ դրա շրջակայքն են ցանկանում ազատել հայերից:
-Փաստորեն, ադրբեջանցիների չափումներով՝ «խաղաղության պայմանագիր» կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն առհասարակ գոյությո՞ւն չունենա:
-Միանշանակ՝ այո: Ըստ մեր հարեւանների՝ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ տարածաշրջանում հայեր չեն լինի, իսկ դա կլինի «թուրքական խաղաղություն» կամ «միակողմանի խաղաղություն», բայց նման օրակարգ ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Տեսնում ենք, որ նրանք մի բան հայտարարում են, բոլոովին այլ բան ասում, ու այդ քաղաքականության հետեւանքով մենք օր օրի մեր տարածքներն ենք կորցնում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.
«Գեղարքունիքի, թերեւս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից երեկ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
Այդ պահին ընթանում էր փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէր, մինչ ավելի ուշ այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
ArmLur-ը նաեւ զրուցել է սահմանամերձ գյուղերի համայնքապետերի հետ՝ հասկանալու համար ինչ իրավիճակ է այնտեղ: «Ներքին Հանդում որեւէ լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է »: Սահմանի լարված իրադրության մասին ArmLur.am-ին ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
«Ոգին մարտական է, միայն անորոշություն է»,-հավելեց նա:
«Սոթքում այս պահին ամեն ինչ նորմալ է: Հակառակորդը որեւէ սադրանքի չի դեմել»: Այս մասին ArmLur.am-ին ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը:
ՇԱՀԱԳՐԳԻՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։ Նկատենք՝ Հայաստանի համար պատմական եւ ճակատագրական այս փուլում ՀՀ եւ Արցախի նախկին նախագահները հավաքվեցին Վեհարանում՝ Կաթողիկոսի շուրջ, որպեսզի քննարկեն մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Հասկանալի է, որ քննարկումը ծանր է եղել, քննարկման սեղանին եղել են մեծ թվով հարցեր եւ հասկանալի է, որ դրանց շուրջ ընդհանուր հայտարարի դժվար է հասնել միանգամից եւ բոլորով՝ հաշվի առնելով նրանց տեսակետների, մոտեցումների եւ պատկերացումների տարբերությունը: Ամեն դեպքում այս հանդիպումը պետք է քննարկել ոչ թե բովանդակային իմաստով, թե ինչ է քննարկվել կամ որոշվել, այլ ձեւի, քանի որ ՀՀ եւ Արցախի նախկին իշխանությունները կարողացել են հավաքվել մեկ սեղանի շուրջ՝ Կաթողիկոսի կազմակերպմամբ: Այս հանդիպման կարեւորությունը թերեւս սա է եւ ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, նման հանդիպումները շարունակական բնույթ է կրելու, ինչը եւս կարեւոր է եւ կարող է արդյունքի հասցնել: Սակայն այս փուլում սպասել, որ հանդիպումը միանգամից արդյունք է տալու, քաղաքական միամտություն է, քանի որ այդպիսի արդյունք չի կարող ապահովել քաղաքական տարբեր, սուր հայացքներ ունեցող գործիչների միավորումից:
ԸՆԿԵԼ Է ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ
Ապարանի համայնքապետարանը հայտնում է, որ սեպետմբերի 13-ի մարտերի ժամանակ հերոսի մահով ընկել է մայոր Գեղամ Գեղամյանը: «Զինվորական փառապանծ ճանապարհ անցած սիրված հրամանատարի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է համայնքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղամյանը Ջերմուկում է զոհվել: Մեզ հասած տեղեկություններով՝ նա 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերին, մեղադրվում էր մարտական ծառայության կանոնները խախտելու մեջ։
Ըստ գլխավոր դատախազության՝ Գեղամ Գեղամյանը չէր ապահովել հերթապահությունում ընդգրկված ուժերին առաջադրված մարտական խնդիրները, մասնավորապես՝ արդյունավետ չէր դիմադրել դիրքերին մոտեցող ադրբեջանցի զինվորականներին. նա եւս 7 զինծառայողի հետ դիմել էր փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել էր։
Քրեական գործը թեեւ չէր կարճվել, ու զինվորականի դատավարությունը շարունակվում էր, բայց նրա խափանման միջոցը փոխվել էր, ու Գեղամյանը շարունակում էր ծառայությունը:
Այսօր փաստորեն, տեղեկանում ենք, որ զոհվածների թվում է նաեւ տարբեր հանցանքների մեջ մեղադրվող զինվորականը, որ հանուն հայրենիքի կյանքը չի խնայել ու զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Սա թերեւս պետության՝ սպաների նկատմամբ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի մասին է խոսում, թե ինչպես կարող էր փախուստի մեջ մեղադրվողը նորից ծառայության անցնել ու չխնայել կյանքը:
ԿԱՐՃ ՇՓՈՒՄ
Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրերի փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ պատասխանելով մեր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպման մասին հարցին:
Ոչ պաշտոնական զրույցի հիմնական թեման սահմանային վերջին լարվածությունն է եղել:
Մոսկվայում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում, հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
Հավալենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։
Փոխվարչապետերի հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետեւ փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։