«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ստանձնելու կոալիցիա կկազմի։
Հիշեցնենք, որ Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով, եւս երկու ուժ է անցել ավագանի` Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Փաստորեն, համայնքապետի թեկնածուն դեմ է գնում իրեն առաջադրած կուսակցությանը, որը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, թե իրենք որեւէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի։ Ավելին՝ խոսակցություններ են հասնում, որ եթե իշխանությունը ճնշումները մեծացնի գործարարի նկատմամբ, չի բացառվում, որ Զաքարյանը դուրս գա խմբակցությունից եւ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին:
Բայց մինչ այդ պետք է նախ լուծեն Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուի հարցը, ով անձնական տարաձայնություններ ունի ՔՊ թեկնածուի հետ եւ չի ցանկանում միավորվել ՔՊ-ի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում