Ինչպես Փաշինյանը հեռացավ մամուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան պատասխանելու է Հանրային Հեռուստաընկերության հարցերին: Երբեմնի բաց եւ թափանցիկ վարչապետը խուսափում է խոսել լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին՝ այնինչ նոր վարչապետ ընտրվելուց հետո մի քանի անգամ մի քանի ժամանոց մամուլի ասուլիսներ էր ունենում:

Այս տարի նա առաջին անգամ ասուլիսով հանդես եկավ միայն հունիսին: Մինչդեռ, նա նախկինում տարբեր առիթներով պարբերաբար խոսում էր բաց և թափանցիկ կառավարման, հանրության հանդեպ հաշվետվողականության մասին՝ համարելով դրանք իր ու իր քաղաքական թիմի կարևորագույն սկզբունքները:

Մասնավորապես, 2019 թվականի մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր․ «․․․Այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ»:

Այժմ մի քանի թվեր ներկայացնենք, որոնք կներկայացնեն, թե ինչպես է փոխվել Փաշինյանի շփումը լրատվամիջոցների հետ։

Փաշինյանն իր կառավարման առաջին տարում՝ 2018-ին, 9 անգամ է հարցազրույց տվել, 2019-ին՝ 17, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5: Նշենք նաև, որ իր վարչապետության երեքուկես տարիներին Փաշինյանն ավելի քան 50 անգամ հարցազրույց է տվել միջազգային ԶԼՄ-ներին և միայն 13 անգամ՝ տեղական մամուլին:

Վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ունեցել է 6 մեծ ասուլիս, որոնք անցկացվել են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Կապանում:

2020-ին վարչապետը 23 ճեպազրույց է ունեցել, որոնք մեծամասամբ վերաբերել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակին։ 2019-ին Փաշինյանն ունեցել է՝ 8, 2018-ին՝ 10 ճեպազրույց:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրության առջև «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ խուսափում է շփվել նրանց հետ։




Լրահոս