ԴԻՄԵԼ ԵՆ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ իրավապաշտպանները դիմել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ պահանջելով պարտադրել Ադրբեջանին՝ կատարել Եվրոպական դատարանի՝ 2020-21 թվականներին կայացված վճիռները: Դրանք վերաբերում են Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Կարեն Պետրոսյանի, Մամիկոն Խոջոյանի եւ Լապշինի խախտված իրավունքներին:

 

Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) – Պետությունը պարտավոր է վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը: Պետք է պատշաճ եւ ջանադիր հետաքննություն, նախաքննություն իրականացնի, բացահայտի մեղավորներին եւ նրանց ենթարկի պատասխանատվության:

Ադրբեջանը չի շտապում իրականացնել միջազգային պարտավորությունը, այս գործերով տրամադրել նաեւ արդարացի փոխհատուցում: Ադրբեջանում խոշտանգվել, ապա սպանվել էին գերության մեջ հայտնված Մանվել Սարիբեկյանն ու Կարեն Պետրոսյանը, անմարդկային վերաբերմունք էին դրսեւորել նաեւ Մամիկոն Խոջոյանի նկատմամբ, որը հայկական կողմին փոխանցվելուց հետո մահացել էր: Ադրբեջանը չի կատարել նաեւ Բուդապեշտում Սաֆարովի կողմից դաժանորեն սպանված Գուրգեն Մարգարյանի եւ բլոգեր Ալեքսանդ Լապշինի գործով վճիռները:

Բլոգերը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով:

Արտակ Զեյնալյան – Դիմել ենք նախարարների կոմիտե, նշել ենք այս փաստերը, որ որեւէ բան չի արվում, պահանջում ենք, որ, նախ, կոմիտեն օգտագործի իր զենքերը, գործիքները՝ Ադրբեջանին պարտադրելու համար, որ կատարի դատական ակտերը:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել գործողությունների պլան, որը պետք է քննարկման առարկա դառնա նախարարների կոմիտեում: Նախաքննության, դատաքննության գործընթացներին, ի դեպ, պետք է ներգրավված լինեն նաեւ տուժողը կամ տուժողի իրավահաջորդները: Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը վստահեցնում է՝ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են միջազգային գործընկերների հետ:

Լիպարիտ Դրմեյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) – Հուսով եմ, որ մոտ օրերս համապատասխան արձագանք կունենանք այդ հարցի եւ մասնավորապես՝ Մինասյանն ու Մուկուչյանն ընդդեմ Ադրբեջանի գործի հետ կապված:

Արտակ Զեյնալյանը կարեւոր է համարում Եվրադատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացված վճիռները: Դրանք, ըստ նրա, ազդեցություն են ունենում Ադրբեջանի վարքագծի վրա:

Արտակ Զեյնալյան – Սարիբեկյանի գործից սկսած մինչեւ Խոջոյան՝ այդ վարքագիծը փոխվում է: Նախ փորձ արվեց հետքերը թաքցնելու նպատակով դին չտրամադրել, մինչեւ կքայքայվի եւ հնարավոր չլինի բացահայտել: Անմարդակային վերաբերմունքի մասով պնդումները Եվրադատարանում հանգեցրին նրան, որ հիմա բուժօգնություն է ցուցաբերվում վիրավոր զինծառայողներին, տեսանյութ է նկարահանվում, դրվում է համացանց: Սա՝ Եվրոպական դատարանի ապագա վարույթի նյութերն իրենց կողմից որպես հակափաստարկ ներկայացնելու համար:

Ստորագրված նոր արձանագրությամբ Եվրոպայի նախարարների կոմիտեն հիմա կարող է կրկին դիմել Եվրադատարան՝ այդ իրավունքների խախտման դեպքերը՝ որպես շարունակական խախտում, եւս մեկ անգամ քննելու համար: Ի դեպ, այս միջոցն առաջինը կիրառվել է Ադրբեջանի նկատմամբ: Գործը նոր քննության չի հասել, չկարողանալով այս անգամ խուսափել պատասխանատվությունից՝ Ադրբեջանը ազատ է արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներից մեկին:

 

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 100 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է  Երեւանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ՝ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:

 

Այն Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:

Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել  վաճառքի եւ գնահատման արժեքից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ  արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021թ.-ի ապրիլի 8-ին կազմված եւ նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 100 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ  առկա են եղել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետեւանքներ առաջացնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, պետական շահերի պաշտպանության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, եւ 445-րդ հոդվածի 1-ին եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 

 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ)»:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով եւ 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձը, ում մոտ առկա չեն «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը:

Ի դեպ՝ գրել էինք, որ չի բացառվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին նշանակեն, սակայն Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նա ՀՀ վարչապետի հետ խոսել է եւ հայտնել է, որ իրավապահ համակարգում է ցանկանում աշխատել, ասել է, թե կոնկրետ զինդատախազի նշանակման հարցը մնացել է օդից կախված:

 

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵՑ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ պաշտոնից ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Ադանդյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Դատախազությունում որոշ պաշտոնյաներ տրամադրված էին հեռանալուն դեռ մինչեւ նոր դատախազի գալը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա եւս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որ թերեւս կմնա դատախազությունում, Գեւորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ մարտի մեկի գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս