ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի հրետակոծության հետեւանքով սեպտեմբերի 13-ից 14-ը Սյունիքի մարզում վնասվել են բազմաթիվ բնակելի տներ: Բացի այս, վնասվել է Նորավան գյուղի գերեզմանոցը, Քարաշեն գյուղի մշակույթի տունը: ArmLur.am-ին մարզի բնակիչները փոխանցեցին, որ ադրբեջանցիները առեւանգել են ավելի քան 6000 գլուխ ոչխար: Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվեցինք, թե ինչ չափի փոխհատուցում է տրվելու այն բնակիչներին, որոնց ունեցած մանր եղջերավորները գողացվել են: Սակայն մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ աշխատանքային խումբը գույքագրում է իրականացնում եւ դեռ պետք է հավաքվեն տվյալներ: Պարզվում է՝ մարզպետարանը ստացել է հեռախոսազանգեր նաեւ այն մասին, որ բնակիչները սարերում տեխնիկա են թողել:  Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզին եւս հատկացվել է 50 մլն դրամ գումար՝ Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն՝ առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով։ Բայց նշված գումարը բավարար չէ, որպեսզի մարդկանց կրած կորուստները  փոխհատուցվեն:

 

Օրինակ, հայտնի է, որ մեկ գլուխ ոչխարի արժեքն այսօր կազմում է 40 հազար դրամ, իսկ ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ընդհանուր արժեքը գերազանցում է 200 մլն դրամը: Էլ չենք խոսում այն մասին, որ մանր եղջերավոր կենդանիները նրանց եկամտի միակ աղբյուրն են: Եւ մարզի բնակիչները հույս են հայտնում, որ կառավարությունն առաջիկայում լիարժեք կփոխհատուցի իրենց կրած վնասները:

Բացի այս, նկատենք, որ Վերիշեն համայնքում վնասվել է 3 բնակելի տուն, մեկ բնակարանի ապակիներն են ջարդվել: Ակներում վնասվել է 1 բնակելի տուն, Քարաշենում հանդիսությունների սրահն է հրետակոծվել: Նորավանում քաղաքացու ավտոմեքենա է վնասվել: Իսկ Կապանի բժշկական կենտրոնի երկու շտապ օգնության մեքենա է վնասվել Կապան-Ճակատեն ճանապարհին:

Գործադիրը նախատեսում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր մարզին կհատկացվի 50 մլն դրամ գումար։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն կտրամադրվի՝ առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով։ Խոսքը 6 համայնքի բնակիչների մասին է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն լինելու է դրամական օգնություն, այլեւ՝ իրականացվելու են տուժած բնակիչների տների նորոգման, կառուցման ծրագրեր։ Տեղեկացանք, որ այս պահին վնասների գնահատման, գույքագրման աշխատանքներ են իրականացվում. արդեն մի քանի օր է՝ մարզպետարանի, համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները տեղում գնահատման աշխատանքներ են իրականացնում։

ArmLur.am-ի հարցին՝ հնարավո՞ր է փոխհատուցման չափը փոփոխվի, մարզպետն արձագանքեց՝ նշելով՝ «Եկեք չշտապենք, գնահատման աշխատանքներ են իրականացվում։ Իհարկե, կփոխվի, գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո կհասկանանք, թե մեզ ինչ չափի գումար է անհրաժեշտ։ Այս պահի դրությամբ մեզ տրվել է այդ չափի գումար, որպեսզի տուժածներին կարողանանք որոշակի աջակցություն ցույց տալ»։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Սոթքի բնակիչների մի հատվածը, որոնց տները լուրջ վնասվել են եւ հնարավոր չէ այնտեղ ապրել, գիշերել են ավտոմեքենաներում։ Սակայն մարզպետի խոսքով, այս պահի դրությամբ ավտոմեքենաներում գիշերող մարդիկ չկան. «Նման մարդիկ չկան, արդեն մեզանից աջակցություն են ստացել եւ ապրում են մարզպետարանի, համայնքապետարանի կողմից վարձու բնակարաններում։ Գուցե առաջին օրը գիշերել են ավտոմեքենաներում, բայց հիմա չկան»։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը,  մարդասիրական ոլորտում որպես աջակցող կառույց Կառավարությանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ եւ համակարգմամբ՝ այս օրերին խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի տուժած եւ ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության եւ անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով:

Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետեւանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։

ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:

ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) ու Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր ու զոհված զինծառայողների հարազատներին ու տեղահանված ընտանիքներին։

 

 

ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը վեց մարմնի մասին է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաեւ քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետեւանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը եւս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, իսկ սեպտեմբերի 20-ին եւս՝ 95 մարմին։

 

 

ԱՌԱՆՑ ԿՆԻՔԻ ԹՂԹԵՐ

Իշխանությունը՝ աննախադեպ միջոցներ է գործադրում, վարչական մեծ ռեսուրսներ է գործադրում, որպեսզի սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու  համամասնական կարգով ընտրություններում  հաղթի «Քաղաքացական պայմանագիր»   կուսակցությունը։ Բերդ խոշորացված համայնքից հայտնեցին, որ առաջիկա ընտրություններում «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների 58 հոգանոց ցուցակի առաջին համար, Բերդի միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վահրամ Սուքիասյանը  սոցիալապես անապահով բնակիչների հետ  թաքուն հանդիպումներում իրեն ընտրելու համար խոստանում է մարդկանց վճարել պետական բյուջեից տրվող եռամսյա դրամական օգնությունների գումարներ։

Մոտ մեկ ամիս առաջ Բերդի զինկոմ նշանակված Լեռնիկ Օհանյանը Բերդ համայնքի գյուղեր է ուղարկել  առանց կնիքի եւ  իր  ստորագրության թղթեր՝ մոբլիզացիայի ենթակա անձանց ցուցակներ, որտեղ ընդգրկված են Բերդ  խոշորացված համայնքի ղեկավար, ավագանու «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկը գլխավորող Հարություն Մանուչարյանի կողմակիցների անուններ եւ հայտնել , որ  սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում Հ. Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքին  ընտրելու դեպքում  ցուցակում նշվածները  3 ամսով կմոբլիզացվեն սահմանների պաշտպանությանը։  Բերդ  համայնքի խաղողոգործները հայտնեցին, որ  Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի Պառավաքարի ենթաշրջանի պատասխանատու Արթուր Միրզոյանը, ում եղբայրը ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»   կուսակցության ավագանու թեկնածու, Արծվաբերդի անտառտնտեսության անտառապետ Ժիրայր Միրզոյանն է , Բերդ համայնքի խաղողագործներին ասել է , որ կոնյակի գործարանի մասնաճյուղը չի ընդունի այն խաղողագործների խաղողը, ովքեր սեպտեմբերի 25-ին չեն ընտրել Վահրամ Սուքիասյանի գլխավորած,  «Քաղաքացիական պայմանագիր»   կուսակցության  ավագանու թեկնածուների ցանկին։

Երեւանի կոնյակի գործարանի հաղորդակցության գծով մենեջեր Զարուհի Սարիբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ  այդ լուրը  իրականությանը չի համապատասխանում, որ Երեւանի կոնյակի գործարանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սահմանամերձ այգիների խաղողի մթերման հարցին, ավելին, այս տարի ընկերությունը կմթերի վերոհիշյալ շրջանների ամբողջ բերքը, ինչի մասին խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերը կնքվել են դեռ ամիսներ առաջ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս