Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում:
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին:
«Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ Հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության Նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:
«Այսպես, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաեւ Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը եւ ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար է» լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում:
Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին:
Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաեւ ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձեւավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից:
«Ի լրումն գործող իրավակարգավորումների՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կարող է առաջարկել քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Պետք է նշենք, որ կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի եւ կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում:
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով:
«Պետք է նշենք, որ ոչ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ոչ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը (կրկնակի քաղաքացիությանը): Ընդ որում, Սահմանադրությամբ նախատեսված չլինելը երկքաղաքացիությունն (կրկնակի քաղաքացիությունն) Արցախի Հանրապետությունում բացառելու հիմք չեն: Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերը, որոնցով մանրամասնվել են երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները: Այսպես, դեռեւս 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին» հռչակագրով սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանվեց, որ կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը եւ հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլ կարգավորվեցին կրկնակի քաղաքացիության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ եւ կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ … օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջեւ կնքված միջազգային իրավական ակտերով»,- նշված է նախագծում:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործնականում այդ իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմքերի ամրագրման նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով՝ Սահմանադրությունում ամրագրելով հետեւյալը. «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին եւ/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»:
ՀԱՇՎԵՏՈՒ ՉԵՆ
Հասարակության եւ լրատվամիջոցների առջեւ թափանցիկ լինելու խոստում տված իշխանությունները շարունակում են չկատարել դրանք, ընդդիմադիր պատգամավորներից շատերը եւս չեն շտապում հաշվետու լինել լրատվամիջոցներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ բոլոր 107 պատգամավորներին՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականի ամռանը ԱԺ պատգամավորները որտեղ են մեկնել հանգստի, ում հետ եւ որքան գումար են ծախսել:
Սակայն այս ընթացքում քիչ թվով պատգամավորներն են պատասխանել մեր հարցմանը: Այսպիսով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հարցմանը պատասխանել է 5 պատգամավոր, այսինքն՝ 71 պատգամավորներից ընդամենը 14.2 տոկոսը: Պատասխանել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Նարեկ Գրիգորյանը, Գեւորգ Պապոյանն ու Արմեն Խաչատրյանը: Նրանք բոլորը նշել են, որ հանգստի չեն մեկնել, հետեւաբար գումար չեն ծախսել: Իսկ ահա ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, թե նման տեղեկատվությունը գաղտնի է եւ հրապարակման ոչ ենթակա: «Հայաստան» խմբակցությունից մեր հարցմանը պատասխանել է 6 պատգամավոր, այսինքն՝ 29 պատգամավորներից 4.8 տոկոսը՝ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Խաչատրյան, Արեգնազ Մանուկյան, Լիլիթ Գալստյան եւ Արմեն Գեւորգյան: Նրանք եւս հանգստի չեն մեկնել: Իսկ ահա Պատիվ ունեմ խմբակցությունից հարցմանը պատասխանել են թվով ավելի շատ. Տարոն Մարգարյան, Թագուհի Թովմասյան, Տիգրան Աբրահամյան, Մարտուն Գրիգորյան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱԼՐՈՒՄ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: ԱԻ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման եւ հիմնանորոգման նպատակով: Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 սովորական, 11-ի փիքափ թափքով: Ձեռք բերված 8 ավտոմեքենաներից 6-ը բաշխվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Լոռու եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների միջեւ: Ավտոմեքենաները վարչության պետերին հանձնվել են ԱԻՆ շարահրապարակում՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի եւ Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ: