ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԻ ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կտրվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի մեկնարկը։

 

Փառատոնն անցկացվելու է մինչեւ նոյեմբերի 6-ը: Փառատոնային օրերին կկազմակերպվի 12 համերգ, որոնք տեղի կունենան Երեւանում, Կապանում եւ Չարենցավանում:

Փառատոնին կմասնակցեն հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաեւ վարպետության դասեր:

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

«Երգեհոնն իր առանձնահատուկ տեղն ու լսարանն ունի հայաստանյան մշակութային կյանքում։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին եւ եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով գործիքի եզակիությունն ու երգեհոնային երաժշտության նկատմամբ մեր ունկնդրի հետաքրքրությունը՝ գաղափար հղացավ կազմակերպելու նման մասշտաբային փառատոն։ Գաղափարը մի քանի տարվա պատմություն ունի, համավարակը եւ պատերազմը ստիպեցին փոքր-ինչ հետաձգել իրականացումը, սակայն ուրախ ենք, որ այս համերգաշրջանում հանդիսատեսին կներկայացնենք Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։ Ստամբոլցյանը ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը կայացած առաջին երգեհոնային երաժշտության համերգին»,-նշում է փառատոնի նախաձեռնող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ եւ հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաեւ Միքայել Թարիվերդիեւին նվիրված համերգ:

Փառատոնն անցկացվելու է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարության աջակցությամբ:

 

 

 

 

 

ԴՐԱՄԱՅԻ ՀԻՄՔՈՒՄ ԿՈՒՅՐ ԵՎ ԽՈՒԼ ԳՐՈՂ

 

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եւ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին եւ 25-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացնեն «Հրաշագործը» բեմադրությունը:

 

Բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձեւավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի:

Ներկայացման մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Անգելինա Զաքարյանը, Արփինե Մխիթարյանը, Տաթեւ Ղազարյանը, Սեդա Մկրտչյանը, Սարգիս Ղարիբյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը:

Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործ» դրամայի հիմքում կույր եւ խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։

Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որոնց պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել «Հրաշագործ» հոգեբանական դրամայում:

 

 

 

 

 

 

55-ԱՄՅԱԿ

Երեկ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշում է ծննդյան 55-ամյակը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ բան նշելու տրամադրություն եւ ցանկություն չունի:

«Տրամադրությունս չլքել առաջնագիծը, լինել միշտ առաջնագծում, անդավաճան, հանուն հայրենիքի, հանուն մեր զավակաների, նոր ծնվող երեխաների լուսավոր ապագայի, անկախ Հայաստանում ապրելու, վերականգնելու արժանապատվությունը ու հաղթանակների խորհուրդը»,-անդրադառնալով իր երազանքին՝ նշեց երգչուհին: Երգչուհին գիտակցում է, որ ճանապարհը հեշտ չի լինելու, պետք է շատ դժվարություններ հաղթարել, բայց անկոտրում է, այլ տարբերակ չկա: Ըստ նրա՝ պետք է փառքով եւ արժանատավությամբ հաղթահարենք: Հիշեցնենք , որ Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում եւ արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» եւ «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ 11 ՏԱՐԻՆԵՐ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է հարցին, թե ինչ է փոխվել Ա Սերիայում իր բացակայության 11 տարիներին։

«Իմ հեռանալուց հետո Ա Սերիայի որակն ընկել է նախորդ 10 տարում, առաջնությունը դարձել է քիչ գրավիչ երկրից դուրս։ Բայց վերադարձիցս հետո այստեղ գտա մրցունակ լիգա, որը համալրում են ամենաբարձր մակարդակի խաղացողներ։

Դեռ կա տարբերությունը առաջատար ակումբների եւ մյուսների միջեւ, բայց ամեն դեպքում՝ մյուս թիմերն էլ զարգացել են։

 

 

 

 

ՈՒԵՖԱ-ՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից հավաքականների թիվը 24-ից 32 դարձնելու գաղափարը զարգացում չի ունենա ՈւԵՖԱ-ում։

2016 թվականից Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 24 հավաքական։ Դրանից առաջ մասնակցում էր 16։ ՈւԵՖԱ-ն դիտարկում էր 2028 թվականից եւս 8 թիմով ավելացնել մասնակիցների թիվը, սակայն եվրոպական հեռուստահեռարձակողները ՈւԵՖԱ-ի աշխատանքային խմբին հայտնել են, որ այդ քանակի թիմերի մասնակցությամբ մրցաշարի հանդիպումների մեծ մասը առեւտրային արժեք չի ունենա, արդյունքների մեծ մասը կլինի կանխատեսելի։

Վերջնական որոշումը ՈւԵՖԱ-ն կընդունի նոյեմբերին անցկացվելիք Գործադիր կոմիտեի նիստում։

 




Լրահոս