ՈՎՔԵ՞Ր ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ՔՊ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել մի քանի համայնքներում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվել են 7 համայնքում, սակայն մյուս թեկնածուներից ավել ձայն հավաքած ոչ բոլոր համայնքներում են կարողացել ապահովել անհրաժեշտ 50+ ձայներ եւ պետք է կոալիցիա կազմեն՝ քաղաքապետ ընտրելու համար:

 

Ո՞ր համայնքներում է ՔՊ-ն պարտվել, եւ ովքե՞ր են զբաղվել քարոզչությամբ:  Լոռու մարզի չորս համայնքներից երկուսում ՔՊ-ն պարտվել է, երկուսում էլ առաջատար է, սակայն Գյուլագարակ համայնքում ձայների տարբերությունը շատ չնչին է: Ալավերդի համայնքում նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուին պարտվել է ՔՊ թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Տաշիր համայնքում եւս պարտվել է ՔՊ-ն, իսկ Լոռի բերդում իշխող կուսակցությունն առաջատարն է: Այսպիսով՝ այս մարզում կոալիցիաներ կկազմվեն՝ մի քանի համայնքների կառավարումը ստանձնելու համար: Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լծվել էր քարոզարշավի՝ լայն թափով: Այստեղ թեկնածուների հետ ակտիվ քարոզարշավի էր լծված պատգամավոր Արփի Դավոյանը, որը պարբերաբար լուսանկարներ ու տեղեկություն էր տարածում սոցիալական ցանցի իր էջում: Նրա հետ պարբերաբար մարզ են այցելել նաեւ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը,  Ալխաս Ղազարյանը, Արսեն Թորոսյանը:

Մյուս մարզը, որտեղ ՔՊ-ն լծվել էր քարոզարշավի, Սյունիքի մարզն էր: Այստեղ ընտրություններ են եղել երկու համայնքներում՝ Սիսիան եւ Քաջարան: Վերջին համայնքում հաղթանակ է տարել գործող համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, իսկ ահա Սիսիան համայնքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, եւ պետք է կոալիցիա կազմեն՝ քաղաքապետ ընտրելու համար: Սիսիան համայնքում հատկապես ակտիվ է եղել ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը երեկ նաեւ միջադեպի կենտրոնում է հայտնվել: Լուսանկարներում տեսնում ենք նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի, եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով: Ասել է թե՝ Կարեն Համբարձումյանը դուրս էր եկել հենց իր բաջանաղի եղբոր դեմ, եւ հենց վերջինս է առաջատարը:

Լոռու մարզ այցելելուց բացի՝ Արմեն Խաչատրյանն ակտիվ է եղել հենց իր հայրենի Սյունիքում, մասնավորապես՝ Քաջարան համայնքում, սակայն այստեղ Մանվել Փարամազյանը բացարձակ առաջատարն է: Ուշագրավ պատկեր է Տավուշի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ մարզում Բերդ համայնքի գործող ղեկավարը, որը կալանավորված է, կարողացել է հաղթանակ տանել. Ղալումյան եղբայրները անզոր են եղել:

Բավականին հետաքրքիր հետընտրական իրավիճակ է Ալավերդի խոշորացվող համայնքում: Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող եւ որեւէ կուսակցություն չի հատել «50+» տոկոսների շեմը: Ալավեդի խոշորացվող համայքնում ընտրությունների 4 ուժ են մասնակցել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6791 ձայնով, (48.6 %), երկրորդում՝ իշխանական ՔՊ-ն՝ 6557 ձայնով (47%), երրոդում Հայ ազգային կոնգրեսն է, որ ստացել է 340 քվե (2.3%), Դաշնակցության քվեների թիվը 316 է (2%):

Ձայների հարաբերակցությունը բավականին հետաքրքիր պատկեր է գծագրել Ալավերդիում: Այստեղ որեւէ կուսակցություն առավելագույն թվով մանդատ չի ստացել. Թե՛ ՔՊ-ն, թե՛ «Ապրելու երկիրը» 13-ական մանդատ են ստացել: Թե ո՞վ կստանձնի Ալավերդիի կառավարումը, բառիս բուն իմաստով կորոշի օրենքի ուժով մեկ մանդատ ստացող, անցողիկ շեմը հատած երրորդ ուժը՝ ՀԱԿ-ը: Նշենք, որ թեեւ օրենքը սահմանում է, որ ՏԻՄ ընտրությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, բայցեւ օրենքը սահմանում է, որ համայնքի կառավարումը պետք է երեք ուժից կազմված լինի, ու, եթե անգամ 3-րդ ուժը նվազագույն քվեներ է ստացել, նա օրենքի ուժով մանդատ է ստանում:

Ո՞վ ի վերջո կզբաղեցնի թումանյանական աշխարհի այցեքարտ քաղաքի կառավարումը, ըստ տրամաբանության՝ ՀԱԿ-ի վերնախավը կորոշի: ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են սակայն, որ քաղուժերն այս պահին ակտիվ քննարկումների մեջ են:

Նշենք, որ այստեղ ՔՊ-ի թեկնածուն ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է, «Ապրելու երկրինը»՝ Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՅԴ-ինը՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ՀԱԿ-ինը՝ հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաեւ՝ Արցախին մշտապես սատարելու համար եւ ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի եւ նրա գործընկերների անձնվեր պայքարը՝ հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։

 

 

 

 

ԿԱՅՈՒՆ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։

Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿՐՈՆԻ ՀԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Երեկ երեկոյան Ելիսեյան պալատում տեղի է կունեցել ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

 

 

 

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԸ «ԱՇԽԱՏԵԼ Է»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում նոր բունտ  է  հասունանում: Պարզվում է՝ եթե ՀՀ նախագահը որեւէ հիմքով առարկություն է ներկայացնում որեւէ դատավորի կամ թեկնածուի վերաբերյալ, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դա ընդունում է ի գիտություն: Իսկ, եթե դատավորը կամ թեկնածուն ԲԴԽ-ում ծանոթ ունեն, ապա հնարավոր է լինում շրջանցել ՀՀ նախագահի առարկությունները: Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հրապարակել էր հայտարարության՝ առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Պարզվում է, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբոր տղան է, դրա համար էլ օրենքի ուժը «աշխատել է»:

Բանն այն է, որ դատավոր նշանակվելուց առաջ Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի  կողմից թեկնածուները անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք  է  ներկայացնում, որը  հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, ԲԴԽ նախագահի եղբորորդու՝ Ժորա Չիչոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, եւ ՀՀ նախագահը Ժորա Չիչոյանի՝  դատավորի  նշանակման դիմումը չի ստորագրել ու առարկություններով հետ է ուղարկել: ԲԴԽ-ն՝ ի դեմս  նախագահ հորեղբոր, որոշում  է կայացրել երկրորդ անգամ դիմել ՀՀ նախգահին, սակայն  երկրորդ  անգամ էլ նախագահը չի ստորագրել ու առարկությամբ հետ  է ուղարկել: Այս ամենից հետո Ժորա Չիչոյանին որոշում են դատավոր  նշանակել՝ օրենքի ուժով, եւ նա դատավորի լիազորություները ստանձնում  է  օրենքի ուժով, կամ, որ նույնն է՝ հայտնի հորեղբոր թիկունքով:

Սակայն այս  պամության մեջ  ցավալին  այն է, որ ներկայումս շատ դատավորներ են Ժորա Չիչոյանի կարգավիճակում հայտնվել, սակայն ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ Սերգեյ Չիչոյանի, նրանց մասով որեւէ սրտացավություն չի ցուցաբերել, այլ արագ հանել է նրանց անունները թեկնածուների ցուցակից՝ զրկելով դատավոր դառնալու իրավունքից: Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը»:




Լրահոս