ԳՈՐԾԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Կարինե Վերանյանը բաց նամակ է գրել «Ժողովուրդ» օրաթերթին եւ ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության պետին: Նամակը ներկայացված է ստորեւ.

 

«Հայտնում եմ, որ 1989թ.-ի դեկտեմբերից բնակվում եմ ք. Երեւան 16 թաղամասի 26 շենք, 5 բնակարանում։ 1989թ.-ից մինչեւ 2001թ.-ը վերը նշված հասցեում բնակվել եմ ամուսնուս հետ։ Ամուսինս՝ Ռազմիկ Սարգսյանը, 2001թ.-ին մեկնել է ԱՄՆ՝ բուժվելու, եւ այնտեղ մահացել է, մինչեւ նրա մահը եւ նրա մահից հետո՝ առ այսօր, այդ հասցեի բնակարանի հետ կապված բոլոր վճարները կատարվել է իմ կողմից, բնակարանը տնօրինում եւ տիրապետում եմ ես, ինձանից բացի նշված բնակարանը որեւէ մեկը չի տիրապետել։ Ամուսինս՝ առանց ինձ տեղեկացնելու, 1992թ.-ին բնակարանը նվիրել է առաջին ամուսնությունից ծնված տղային՝ Արթուր Սարգսյանին, որի մասին ես տեղեկացել եմ 1999թ.-ին։ Ամուսինս մահից առաջ ինձ է տվել «Համաձայնություն» անվանված փաստաթուղթ, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը համաձայնություն է տվել, որ բնակարանը հայրը վաճառի, տնօրինի, որը ինձ հույս է տվել, որ նա իրականում հրաժարվել է վիճելի գույքից, սակայն 2008թ.-ից նա սկսել է ինձ անհանգստացնել, պահանջել, որ ազատեմ բնակարանը։ 2012թ-ին «ձեռք բերման վաղեմության ուժով եւ տիրապետման փաստով» դիմել եմ դատարան, սակայն դատարանը ինձ մերժել է այն դեպքում, որ Արթուր Սարգսյանը 1992թ.-ից առ այսօր գտնվում է Միացյալ Նահանգներում. վիճելի բնակարանին վերաբերող որեւէ վճարում չի կատարել երբեւէ, վիճելի բնակարանում չի բնակվել, անգամ բնակարանի տեղը չգիտի։ Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչն է այդքան շահագրգռել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանին եւ վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Խառատյանին, որ գտել են, որ ես՝ 72 տարեկան Կ. Վերանյանս, պետք է բնակվեմ փողոցում, իսկ 30 տարի Միացյալ Նահանգներում բնակվող Արթուր Սարգսյանը դառնալու է իմ բնակարանի սեփականատերը։ Վերաքննիչ դատարանը՝ ամիսներով վարույթ ընդունելու որոշում չի կայացնում. իմ գործը մոտ երեք ամսվա ընթացքում վարույթ ընդունեց եւ մերժեց: Ինչո՞վ է Միացյալ Նահանգներում բնակվող Արթուր Սարգսյանը շահագրգռել երկու ատյանի դատարաններին, որ որոշել են, որ ես պետք է փողոցում հայտնվեմ:

Հայտնում եմ, որ բնակարանը 1989թ.-ին ամուսնուս հետ գնել ենք 24 հազար ռուսական ռուբլիով, որից 21 հազարը տվել էր հայրս. քանի որ ես համոզված էի, որ բնակարանը իմն է, կատարել էի շինարարական աշխատանքներ, փոխել էի խոհանոցը եւ պատշգամբը։

Ակնկալում եմ Ձեր օգնությունը՝ պարզելու, թե ո՞րն է երկու դատարանների շահագրգռվածությունը, արդյո՞ք շահագրգիռ են եղել՝ ի վնաս  ինձ վճիռ կայացնելու, որ Միացյալ Նահանգների քաղաքացին ավելի կարեւոր է քան  ես, որ 30 տարի տնօրինում եւ տիրապետում եմ այդ բնակարանին, անխոնջ ծառայել եմ ՀՀ-ին, կենսաթոշակառու եմ, չունեմ երեխաներ, չունեմ այլ բնակության վայր եւ այժմ պիտի հայտնվեմ փողոցում։

Խնդրում եմ՝ ճշտեք, եթե դատարանները շահագրգիռ են եղել հակաօրինական վճիռ կայացնելու եւ որոշակի անձինք օգնել են նրանց, ապա խնդրում եմ՝ հայտնաբերեք եւ օրենքի ուժով պատժեք նրանց։ Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0659/02/13 գործում առկա են իմ կողմից ներկայացվածի բոլոր ապացույցները, անհրաժեշտության դեպքում՝ ամբողջ փաթեթը կներկայացնեմ։ Հարգելի, Ազգային անվտանգության աշխատակիցներ, ես խիստ կասկածներ ունեմ, որ ՀՀ դատական համակարգը՝ ի դեմս  Առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչ-որ գործարքի են գնացել Արթուր Սարգսյանին հետ, ինչի արդյունքում ինձ փորձում են դուրս հանել իմ բնակարանից: Այս պահին գործս գտնվում է Վճռաբեկ դատարանում, եւ խնդրում եմ ուշադիր լինել հնարավոր կոռուպցիոն դեպքերից: Ի դեպ, հարգելի իրավապահներ, ես տեղեկություններ ունեմ, որ Արթուր Սարգսյանը Հայաստանը լքել է 1992 թվականին՝ պատերազմից խուսափելու եւ բանակում չծառայելու համար: Ավելին՝ հայտնեմ, որ նա Երեւան քաղաքում ունի բնակարան, որը գտնվում է Բաշինջաղյան 173/4 հասցեում, եւ այս պայմաններում փորձում է ինձ՝ միայնակ կնոջս, թողնել անտուն:

Կարինե Վերանյան

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Լոռու մարզի Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ավելի քիչ ձայն է հավաքել, քան օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը:

 

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6791 ձայնով, (48.6 %), երկրորդում՝ իշխանական ՔՊ-ն՝ 6557 ձայնով (47%), երրոդում «Հայ Ազգային կոնգրեսն» է, որ ստացել է 340 քվե (2.3%), «Դաշնակցության» քվեների թիվը 316 է (2%): Նշենք, որ այստեղ ՔՊ-ի թեկնածուն ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է, «Ապրելու երկրինը»՝ Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՅԴ-ինը՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ՀԱԿ-ինը՝ հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանը: Այսինքն՝ այս պահի դրությամբ ամեն դեպքում, ստացվում է, որ Արեն Մկրտչյանը, լինելով իշխող թիմի թեկնածուն, քիչ ձայն է հավաքել եւ պարտվել է: Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող խմբակցության պատգամավորը փորձել է դառնալ համայնքի ղեկավար եւ ձախողվել է: Նրանցից է նաեւ Դավիթ Դանիելյանը: Վերջինս 2021 թվականին պարտություն կրեց Կապանում. այստեղ հաղթանակ տարավ «Շանթ» դաշինքը, որի թեկնածուն Գեւորգ Փարսյանն էր: 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում պարտվեց նաեւ Նարեկ Գրիգորյանը: Նա առաջադրվել էր Գավառում՝ համայնքի ղեկավարի ընտրությունների համար, սակայն պարտվել էր գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

«ԶՈՐԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ՀԱՂԹԵՑ

Սեպտեմբերի 25-ին  կայացան  Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրություններում ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրվել, բողոքներ չկան։ Բերդ համայնքի ավագանու ընտրություններում՝ ընտրողների ցուցակներում ընդգրկվածների  թիվը կազմել է 22485, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11095, քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 49,34 տոկոսը։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ քվեարկության արդյունքում «Իմ հզոր համայնք» դաշինքի եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցության կազմած դաշինքը՝ «Զորավոր համայնքը» ստացել է 5685, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4298, «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքը՝ «Արժանապատիվ սերունդը»՝ 1097 քվե, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 15, անճշտությունները՝ 1։ «Զորավոր համայնքը» ստացել է քվեարկության մասնակիցների քվեների 51,7 տոկոսը, դա բավարար է համայնքի ավագանու մանդատների մեծ մասը ստանալու եւ առանց կոալիցիա կազմելու՝ Բերդ խոշորացված  համայնքի ղեկավար ընտրելու համար։ Հարություն Մանուչարյանը 2021թ. նոյեմբերի 9-ից անազատության մեջ է, նա պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։

 

 

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Վանաձոր-Բագրատաշենի մաքսակետ 51, 74 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2018թ.-ին, այն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10.14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: Այդ ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2020թ. նոյեմբերին։ Հույս կա, որ 2022-ի տարեվերջին ճանապարհի կառուցապատումը կավարտվի։ Ո՞վ է պատասխան տալու հիմնանորոգման գործը 2 տարով ուշացնելու համար՝ հիմնանորոգման նախագիծը սխալ կազմողնե՞րը, թե՞ նորոգումն անորակ իրականացրած, այդ պատճառով լրացուցիչ աշխատանքներ կատարած ճանապարհաշինական ընկերությունները։ Նախկին իշխանության օրոք կառուցվող եւ նորոգվող ավտոճանապարհների սկզբնամասում, ճանապարհի եզրին ցուցանակ էր փակցվում, որտեղ տեղեկություններ էին գրված ճանապարհի կառուցման կամ՝ հիմնանորոգման ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների, կապալառու, ենթակապալառու եւ վերահսկող կազմակերպությունների վերաբերյալ։ Ներկայումս նման ցուցանակներ չկան, կարելի է ենթադրել՝ թե ինչո՞ւ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս