Արթուր Պողոսյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի առաջարկությամբ՝ Կոլեգիայի անդամները կարծիք են հայտնել առաջարկության վերաբերյալ՝ միաձայն ընդգծելով Արթուր Պողոսյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը:

Գլխավոր դատախազը, եզրափակելով հարցի քննարկումը, նշել է, որ այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խնդիր ունենք դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերները:

«Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն: Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»,- շեշտել է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ Աննա Վարդապետյանը դատախազություն է տեղափոխվելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանին:




Լրահոս