Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութին և տարածել հայտարարություն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։
Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։
Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։
Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում։
Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»։
Նշենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: