Armlur.am-ի զրուցակիցն է պրոֆեսոր, Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նեյլ Մակֆարլեյնը։
-Պարո՛ն Մակֆարլեյն, 1991 թվականի՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները դիտարկում են սպառազինության վաճառքը Հայաստանին, որպեսզի օգնեն պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից։ Ի՞նչ եք կարծում՝ այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի՞։
-Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ի վերջո զենք վաճառի Հայաստանին, սակայն երաշխավորված չէ։ Իհարկե, ԱՄՆ-ն ունի զգալի հետաքրքրություններ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, սակայն դրանք կան նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Եվ սա հատկապես հիմա՝ հաշվի առնելով Եվրոպայում գազի դեֆիցիտը։ Եթե անգամ նրանք նախկինում զենք են վաճառել, չեմ կարծում, թե դա եղել է այն մակարդակի վրա, որ ազդել է կոնֆլիկտի վրա։
-Ըստ Ձեզ, հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել կամ կարող են ունենալ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։
-Խոսնակ Փելոսիի կոնգրեսական է Կալիֆորնիայից։ Գաղտնիք չէ, որ Կալիֆորնիան ունի հայկական մեծ համայնք։ Նա արեց այն, ինչ պետք էր ներքաղաքական պատճառներով։ Չեմ կարծում, թե այն Հայաստան -ԱՄՆ հարաբերությունների վրա կարող են էական ազդեցություն ունենալ։
–Դուք հետևո՞ւմ եք Հայաստանում տիրող իրավիճակին։ Վերջին շրջանում ավելացել են հակառուսական տրամադրությունները։ Այդ ամենը օբյեկտիվ համարո՞ւմ եք։
-Ես մի փոքր հետևում եմ։ Մի պատճառը կարող է լինել մեծ թվով ռուսների հաստատումը Հայաստանում։ Մյուս պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանը լուրջ օգնություն չցուցաբերեց Հայաստանին։ Ինչպես ԱՄՆ-ն , այնպես էլ՝ Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունը և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի հետ հարաբերություններում։ Նա ձգտում է պահել երկուսին եւ չնեղացնել նաեւ Թուրքիային։
-Ամեն դեպքում, Ռուսաստանն իրեն պահե՞լ է որպես ռազմավարական դաշնակից։
-Ոչ։ Նրանք խաղում են երկու կողմերում էլ։ Ռազմավարական դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում։
-Երեկ նոր կադրեր հրապարակվեցին, որոնք կրկին անգամ ապացուցում են Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին։ Նախկինում եւս այլ ապացույցներ կային։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։
-Եթե Հայաստանը կարծում է, գործ ունենք Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հետ, ապա կարելի է այն հասցնել միջազգային քրեական դատարան։ Սակայն ոչ Հայաստանը , ոչ Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմեական համաձայնագիրը, որը ստեղծել է Միջազգային քրեական դատարանը։ Եթե Հայասանը դիմի դատարան, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանը հակընդդեմ հայց կներկայացնի արդեն Հայաստանի դեմ նույն մեղադրանքով։ Ի վերջո, մասսայական տեղահանումները միջազգային իրավունքի համաձայն եւս հանցագործություն է համարվում։ Ես կարծում եմ՝ Հայաստանը կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Բայց այս դեպքում ելքն անկանխատեսելի կլինի։
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը