Թմրամիջոց՝ ծառայողական շների վարժեցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը կօգտագործվեն ծառայողական շների վարժեցման նպատակով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դրել է հանրային քննարկման։ Այս պահի դրությամբ նախագծին կողմ քվեարկել է 8, իսկ դեմ՝ 1 մարդ։ Նշենք, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից իր լիազորությունների շրջանակում ծառայողական շների վարժեցման նպատակով վարժեցման կուրսերի ուսուցման ժամանակ օգտագործվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուսորների, ինչպես նաև զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հոտային նմանակիչներ, որոնք եղել են արտադրված ԱՊՀ, եվրոպական երկրներում։ Սակայն ըստ ՊԵԿ-ի՝ 2010 թվականից մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ հոտային նմանակիչների օգտագործման արդյունավետությունն ուսումնական փուլերում բավականին ցածր է։ Դրանք ունեն հոտային նմանություններ առօրյայում հանդիպող տարբեր նյութերի հետ, օրինակ՝ կոսմետիկ նյութերի, սոսնձի, ինքնակպչուն ժապավենների, լատեքսային և այլ նյութերի հետ։

Այս նմանությունները դժվարացնում են ծառայողական շների աշխատանքը։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ն առաջարկում է թմրամիջոցները, հոգեմետ նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ավելին եթե նյութերի օգտագործումը եզրափակիչ դատավարական ակտով մաքսային մարմնին է վերապահվել, ապա դրանք կարող են օգտագործվել օպերատիվ- հետախուզական միջոցառումների շրջանակում՝ շների վարժեցման նպատակով։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ծառայողական շների վարժեցման համար այդ նյութերն օգտագործման հանձնվելու դեպքում մաքսային մարմինը պետք է ունենա պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված կլինեն ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված պետք է լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվելու են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:




Լրահոս