ArmLur.am-ի հարցազրույցը 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ է:
-Պարո՛ն Կազիմիրով, ի՞նչ տեղի ունեցավ 1994 թվականին, որ Ադրբեջանը ստորագրեց հրադադարի համաձայնագիր: Ադրբեջանը ստորագրեց ոչ ավարտուն փաստաթուղթ, իսկ այժմ Հայաստանին ստիպում են կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել:
-Այդ ժամանակ Ադրբեջանը, Հայաստանը եւ անգամ Ղարաբաղը ստորագրել էին կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր: Դա եղավ 1994 թվականի մայիսի 12-ին: Այդ ժամանակ Ադրբեջանը կողմ էր նման համաձայնագրի ստորագրմանը: Ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում հիմա, քանի որ երկար տարիներ է՝ գտնվում եմ թոշակում, եւ շատ բաների մասին տեղյակ չեմ: Ինձ հիմա հայտնի չէ, թե ինչ են առաջարկում ստորագրել Հայաստանին:
-Կհիշե՞ք՝ ինչ իրավիճակ էր այն ժամանակ, ինչպես ստացվեց, որ կողմերը կարողացան եռակողմ համաձայնագրի հասնել:
-Այն ժամանակ Ադրբեջանը մեկ տարուց ավելի ձախողումներ էր կրում, սակայն փորձում էր արդյունքի հասնել: Վերջինը, որ եղավ այն ժամանակ, հարձակումն էր ձմռանը հյուսիսի կողմից: Նրանք փորձեցին այնտեղ ճեղքել հայերի պաշտպանությունը, սակայն դա չստացվեց, եւ Ադրբեջանը 1993 թվականի դեկտեմբերից հետո ավելի հակված էր ստորագրել փաստաթուղթը: Անգամ Բիշքեքում հանդիպում եղավ 1994 թվականի մայիսի սկզբին, Ադրբեջանը հայերից շատ էր ցանկանում ստորագրել պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր, սակայն ադրբեջանական պատվիրակության ղեկավարը չէր կարող անձամբ ստորագրել, քանի որ Հեյդար Ալիեւը նրան թույլ չէր տվել ստորագրել առանց նրա հետ համաձայնության, իսկ անձամբ Հեյդար Ալիեւն այդ ժամանակ մեկնել էր Բրյուսել: Ադրբեջանը մի կողմից ցանկանում էր արագ հասնել հրադադարի Բիշքեքում, սակայն արգելք ուներ Ալիեւի կողմից, եւ անձամբ այդ մասին ասել է: Ահա այն, ինչ ես հիշում եմ:
-Իսկ բանակցությունների ընթացքում համաձայնագրի կետերն Ադրբեջանի կողմից շա՞տ էին փոխվել:
-Այն ժամանակ Ադրբեջանը ցանկանում էր ստորագրել՝ չնայած 7 շրջանների: Սկզբում Ալիեւը հրահանգ տվեց, որ ստորագրվի բիշքեքյան համաձայնագիրը, եղան մի քանի փոփոխություններ, սակայն ոչ առանցքային: Սկզբում ստորագրվեց դա, ապա պաշտպանության նախարարին հրահանգ եղավ ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Մամեդովը ստորագրեց, մյուս օրը ստորագրեց Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից, եւ Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղի կողմից: Այդ փաստաթուղթը մայիսի 12-ին է ստորագրվել: Մեր ջանքերը որեւէ արդյունք չէին տա, եթե Ալիեւի դրությունը չլիներ անելանելի: Ալիեւը կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլեւ իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի եւ Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է« 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաեւ պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջեւ բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը եւ Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
«Խորհրդարանում հանդիպել եմ «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» հեղինակ Էդգար Հովհաննիսյանի հետ, որը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների, մասնավորապես՝ վերջիններիս արձակուրդային օրերի հաշվարկման կարգի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ»,- հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Էդգար Հովհաննիսյանի հետ քննարկեցինք ՀՀ զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների խախտումները եւ դրանց լուծում տալու նպատակով աշխատանքային քննարկում կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր, ուստի առաջիկայում սպասվում է աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես եղել են իմ ուշադրության ներքո, բազմիցս հանդես եմ եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնք երբեմն հավանության չեն արժանացել խորհրդարանական մեծամասնության կողմից, սակայն այդ փաստն ինձ երբեք էլ հետ չի պահել լինել մեր զինվորի կողքին ու լինել հետեւողական նրանց վերաբերող ցանկացած հարցում»։
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
Ազգային ժողովի իշխանական պատգամավորները հերթական գործուղումների են գնացել ու պատրաստվում են գնալ: ArmLur.am-ը տեղեկացավ՝ սեպտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Հակոբյանից հետո Պետերբուրգ է գործուղվել ու արդեն վերադարձել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը: ՔՊ-ական Ալեքսեյ Սանդիկովը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 5-ին:
Սեպտեմբերի 26-29-ն էլ ՔՊ-ականների մեկ այլ խումբ Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) է մեկնել: Մեկնողերի թվում են իշխանական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արման Եղոյանը, Ծովինար Վարդանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորների հետ Լեհաստան կգնա նաեւ Աժ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը: Նշենք, որ վերոնշյալ բոլոր գործուղումների գիշերակացը ապահովել է հրավիրող կողմը, մյուս բոլոր ծախսերը՝ խորհրդարանը:
ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկացավ, որ դատարանն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջեւ: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նախագծով առաջարկվում է նաեւ վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները: