ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳՆԱԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Աժ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ: «Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էին սպասում, որպեսզի մասնակցեն մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, եւ այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը:

 

Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում նշվում է, թե զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Մենք հետաքրքրվել էինք, որ  վարչապետի հայտարարությունից հետո  եւ առաջ շատերն են դիմել Պաշտպանության նախարարություն եւ ցանկացել մեկնել սահման, սակայն նրանց չեն թույլատրել: Եվ, ահա, ՊՆ-ի պատասխանից ստացվում է, որ իրականում նրանք չեն կարող գնալ սահման, քանի որ արտակարգ դրություն, հետեւաբար նաեւ զորահավաք չկա:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Մեր գրավոր հարցերին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը: ՊՆ ուղարված մեր հարցերն ու նրանց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ.

-Պարո՛ն Պապիկյան, մինչեւ այսօր կամավորականներ են եղել, որոնք դիմել են զինկոմիսարիատներ, բայց զինվորական կամավորագրում չի եղել: Ինչու՞, մենք կարիք չունե՞նք կամավորների օգնության:

-Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի հավաքագրումը եւ նախորոշումը համապատասխան ծառայության վայրեր իրականացվում է գործող օրենքի համաձայն եւ գործող օրենքի շրջանակներում:

-Սեպտեմբերի 13-ին սկսված լայնածավալ պատերազմի ընթացքում ինչո՞ւ բանակում մոբիլիզացիա չկատարվեց այն դեպքում, երբ բանակում ունենք բազմաթիվ կորուստներ, եւ շատերը կամավոր կերպով ցանկանում էին իրենց կյանքը նվիրել հայրենիքին: Վարչապետ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ եթե չեք ուզում հանձնել հողերը, կարող եք գնալ եւ պաշտպանել: Այն մարդիկ, որոնք դիմել են, մինչեւ այսօր ինչո՞ւ նրանց չեք թույլատրում գնալ սահման:

-Գործող օրենքի համաձայն՝ զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում:

-Շատ մարդիկ մոտեցել են զինկոմիսարիատ՝ թույլտվություն ստանալու սահման գնալու համար, բայց նրանց ի պատասխան ասվել է, որ կարող են բարձրանալ սահման, սակայն զենք չեն կարող նրանց տրամադրել: Դուք ինչպե՞ս եք մարդկանց ուղարկում սահման առանց զենքի:

-Հայտարարությունը որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ուստիեւ անհիմն է, քանի որ առաջնագծում առանց զենքի զինծառայող չկա:

-Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն տարածքներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից:

-Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման եւ վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

ԵՐԿՈՒ ԱՆՁ ՍՊԱՆՎԵՑ

Սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվեց երկու անձ: Մեզ հասած տեղեկությունների  համաձայն՝   վիճաբանությունը եղել է աղջկա  համար, որից հետո կողմերը չեն հասկացել միմյանց, եւ հնչել են կրակոցներ:

Սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում՝ ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն. նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ասել է թե՝ մեկ գիշերվա մեջ երկու անձ սպանվեց:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն եւ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, համաձայն որի՝ նույն օրը՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արմենակյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության հիշյալ աշխատակցին մոտեցել է «Նիսսան» մակնիշի վտոմեքենայի վարորդը եւ հայտնել, որ լավ չի զգում` խնդրելով իրեն  տեղափոխել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության աշխատակիցը նստելով հիշյալ ավտոմեքենան օգնություն խնդրած անձին եւ մեքենայում գտնվող  ուղեւորին տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում վերջինս առանց որեւէ պատճառի սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության աշխատակցի հասցեին, քաշքշել նրան եւ հարվածել վերջինիս քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի՝ 1975թ.  ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝  անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ

Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի աստիճանահարթակում 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչը ձեռքին գտնվող արցունքաբեր դեղորայքը փչել է 21-ամյա կնոջ դեմքին եւ  հափշտակել դրամապանակը, որում եղել է 9.000 ԱՄՆ դոլար, 220.000 ՀՀ դրամ, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, 10.000 ղազախական թենգե, եւ դիմել փախուստի: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 30-ամյա բնակիչը եղել է տվյալ կնոջ ծանոթը:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արցունքաբեր սրվակը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10:38-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Բագրատաշեն» անցակետում եւ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել:

Վերջինիս  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ

Սեպտեմբերի 25-ին ոստիկանություն էր զանգել Վայոց ձորի Վերնաշեն գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ տնից գողացել են աշխատանքային գործիքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան նկուղային հարկի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են ընդհանուր մոտ 400 հազար դրամ արժողության աշխատանքային գործիքներ:

Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վերնաշեն գյուղի 75-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին եւ հայտնել է, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված իրերը թաքցրել է ավտոտնակում: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս