ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության եւ զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:
Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության եւ զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) գնահատումը, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Գնահատումը նպատակ ունի սահմանելու՝
-երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական եւ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
-սահմանված կարգով եւ դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
-մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները եւ տեւողությունը:
Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`
-նախադպրոցական մակարդակի գնահատում` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում),
-տարածքային մակարդակի գնահատում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մասնագետների կողմից,
-հանրապետական մակարդակի գնահատում՝ բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից:
Նախադպրոցական մակարդակում
Մանկավարժահոգեբանական (ՄՀ) ծառայությունները տրամադրվում են նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում եւ իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար:
Մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակահատվածը, տեւողությունը, ծավալը, ծառայության տեսակը եւ տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա ՆՈՒՀ-ի եւ ՏՄԱԿ-ի աջակցության խմբի կողմից եւ հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից:
Մանկավարժները եւ աջակցության խումբը, համագործակցելով երեխայի ծնողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները` աջակցելով երեխային նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում:
Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել եւ ճանաչվել են որպես կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: ՏՄԱԿ-ում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո՝ ըստ նախատեսված տեւողության, ծավալի եւ երեխայի անհատական ուսուցման ու զարգացման պլանում (ԱՈՒԶՊ) նշված ժամանակացույցի:
Մանկավարժահոգեբանական ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի նախադպրոցական եւ/կամ տարածքային մակարդակների գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ը, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրված եւ արձանագրված ցանկացած տեղեկատվություն եւ դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ եւ այլն):
ԲՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 2.855.162 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։
Տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ:
Արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացնելու 3 դեպք է արձանագրվել։
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ՝ արձանագրվել է 2 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից` 2- ընդերքօգտագործում,
1-արտադրություն,
1-ջրօգտագործում:
Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաեւ հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Բաքվում պահվող ավելի քան 50 գերի ունի: Նրանցից 33-ը 44-օրյա պատերազմից հետո ու դրա մոտակա ժամանակահատվածում են գերեվարվել, 20-ը՝ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի իրականացրած հարձակման հետեւանքով: Տվյալները Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է ներկայացնում՝ ավելացնելով, որ գերեվարման նոր դեպքերի մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է: Մինչեւ այս պահը, ասում է Սահակյանը, 156 գերի է հայրենադարձվել, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում: Փաստաբանի փոխանցմամբ՝ մինչեւ այս պահը որեւէ նախադեպ չկա, երբ դատարանի առաջ ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական կամ քաղաքական գործիչ կանգնի, իսկ մենք բոլորս գիտենք, որ, առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության, այսպիսի մասշտաբային պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չէին կարող ծրագրվել եւ իրականացվել: Իհարկե, մանրամասնում է Սիրանուշ Սահակյանը, չի նշանակում, որ այդպիսիք ապագայում չեն լինի, պարզապես անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է. դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
COVID-19-Ի ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 615 միլիոն 555 հազար 415: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 538 հազար 310 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է ԱՄՆ-ում 96 միլիոն 116 հազար 204 եւ 1 մլն 0560 հազար 789, Հնդկաստանում՝ 44 միլիոն 575 հազար 473 եւ 528 հազար 562, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 381 հազար 526 եւ 156 հազար 6000, Բրազիլիայում՝ 34 միլիոն 638 հազար 288 եւ 685 հազար 835, Գերմանիայում՝ 33 միլիոն 041 հազար 332 եւ 1498 հազար 576 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 839,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3232, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2363, Գերմանիայում՝ 1783. հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: