Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին եւ նոր տոմարներով):
ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգեւոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ եւ արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: Այնուհետեւ հնչեցվել է թանգարանի զանգը։
Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասշտաբային միջոցառումները չեղարկվել են: Գիտաժողովը կանցկացվի առավել զուսպ, կամերային ձեւաչափով:
Գիտաժողով-փառատոնի շրջանակում նախատեսված են հետեւյալ միջոցառումները.
հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ սոպրանո Աննա Սամուիլի եւ դաշնակահար Մաթիաս Սամուիլի (Գերմանիա) մասնակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» ստեղծագործությունը (խոսք՝ Ե. Չարենցի)՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-16:30, եւ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի եւ արտերկրի (Իտալիա, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա) առաջատար գիտական հաստատություններից:
Հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրում կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան):
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 2022թ. սեպտեմբերի 28-30-ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովը (MONDIACULT 2022)։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:
Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է գալու «Ժառանգությունը եւ մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում: Նախատեսված են նաեւ հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության եւ օտարերկրյա պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու մշակույթի եւ կրթության ոլորտներում, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, փոխհամագործակցության ծրագրային ուղղությունները, իրագործման ընթացքն ու հետագա քայլերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) շրջանակում նախատեսվում է անցկացնել նաեւ տարբեր ժողովուրդների տարազների եւ մշակութային տարրերի ցուցահանդես։ Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։
Հայաստանյան պատվիրակության կազմում են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը եւ Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու եւ տարածելու հավելյալ հնարավորություն է, որը կարող է խթանել օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաեւ սերտացնել համագործակցությունը Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ՝ ձեռք բերելով նոր պայմանավորվածություններ եւ մշակելով համատեղ ծրագրեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) ընթացքում կընդունվի հռչակագիր:
ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔ
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 40-ամյա Կական մասնակցել է Բեռլինի մարաթոնյան վազքին։ Նա ցույց է տվել 3:38.06 ժամ արդյունք։
«Ցնցող Բեռլին։ Հրաշալի մթնոլորտ 42 կմ-ի ամբողջ ընթացքում։ Շատ հպարտ եմ, որ դարձա այս միջոցառման մասնակիցը։ Շնորհակալ եմ բոլոր վազորդներին, երկրպագուներին, գործընկերներիս»,- գրել է Կական։
Կական ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մասնակցել է 529 հանդիպման, խփել 161 գոլ, կատարել 146 գոլային փոխանցում։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՉՎԵՐԹԸ
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երեւան-Հռոմ երթուղով չվերթերը:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ:
ՊՍԺ-Ն ՁԵՌՔ ԿԲԵՐԻ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հունվարին դարձյալ կփորձի ձեռք բերել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին:
«Ինտերն» ու 27-ամյա ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Այն նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։
Ամռանը ՊՍԺ-ն փորձել էր իրականացնել Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն իտալական ակումբը պահանջել է 80 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը պատրաստ էր վճարել 60 միլիոն եվրո։
Եթե Շկրինյարն ու «Միլանը» չերկարաձգեն պայմանագիրը, ՊՍԺ-ն ձմռանը կկարողանա 30 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017-ին «Սամպդորիայից»։ Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ։
6 ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը վատագույան շարքն է գրանցել 29 տարում։
Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն արդեն 6 հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տարել։ Ազգերի լիգայի վերջին տուրում անգլիացիները 3:3 հաշվով ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը Գերմանիայի թիմի հետ։ Անգլիայի հավաքականը դուրս մնաց A լիգայից։
Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի մրցակիցները խմբում կլինեն Իրանի, Ուելսի եւ ԱՄՆ-ի թիմերը։