ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ով կփոխարինի նախարար Դումանյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում:

Պատճառը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների, այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչ-ինչ տրամադրությունններ են փոխվել, ու չի բացառվում, որ Դումանյանին փոխարինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը, այլ հենց Ժաննա Անդրեասյանը: Ու թեեւ այս խոսակցությունները դեռ միս ու արյուն չեն դարձել, ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է: Հաճախ աշխատակիցները չգիտեն՝ նախարար-փոխնախարար լարվածության պայմաններում ինչպես դրսեւորել իրենց: Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի տիկին Ժաննա Անդրեասյանը, ունենալով ամուր կապեր գործադիրում, խնդիր է դրել իր առջեւ ազատվել Դումանյանից, որին համարում է ոչ նորարար գաղափարների կրող:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը հակիրճ ասաց. «Ձեր տեղեկությունները ոչ մի ձեւ իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»: Նախարար Դումանյանն էլ իր հերթին չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել թեման:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս