ԽԱՂ ԿՐԱԿԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պաշտոնապես մերժել է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, ինչի արդյունքում նրանք կհեռանան աշխատանքից: Հիշեցնենք, որ աշխատավարձերի բարձրացում պահանջող 158 աշխատակիցներ շուրջ մեկ ամիս առաջ տնօրինությանն էին ներկայացրել աշխատանքից ազատման դիմումները` այդպիսով ՀԱԷԿ ղեկավարությանը կանգնեցնելով բավական դժվարին իրավիճակի առջեւ: Խնդիրն այն է, որ դիմում գրած աշխատակիցներն այնպիսի մասնագետներ են, առանց որոնց ատոմակայանը չի կարող շահագործվել:  Սակայն, չնայած դրան, ՀՀ իշխանությունները չկարողացան կամ չցանկացան աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ ամսական 50 հազար դոլարի չափով միջոցներ գտնել: Բայց ատոմակայանն այն կառույցը չէ, որի աշխատակիցների հետ կարելի է նման կերպ վարվել: Առաջիկայում ՀԱԷԿ ղեկավարությունը կանգնելու է բարձրակարգ մասնագետներ գտնելու լուրջ խնդրի առջեւ: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում այդպիսիք չեն գտնվելու, հետեւաբար ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով խոստացել է մեկ ամսում նոր, բարձրակարգ կադրեր գտնել, ստիպված է լինելու մասնագետներ հրավիրել արտերկրից: Սակայն պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ դա ոչ միայն անհեթեթ, այլեւ վտանգավոր որոշում է: Նախ` որքանով է ցանկալի Հայաստանի նման երկրի ատոմակայանի օպերատիվ կառավարումը վստահել օտարերկրյա մասնագետների: Սա ազգային անվտանգության հետ կապված հարց է, որի լրջությունը, սակայն, էներգետիկայի նախարարությունում կարծես թե չեն հասկանում: Բացի այդ, կասկածից դուրս է, որ որեւէ օտարերկրյա լուրջ մասնագետ չի համաձայնի աշխատել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում` 120-ից 420 հազար դրամ աշխատավարձով: Այսինքն` ստացվում է, որ Արմեն Մովսիսյանը, ով ՀԱԷԿ տնօրինությանն արգելել է աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել, պատրաստ է ավելի շատ գումարներ վճարել դրսից հրավիրված մասնագետներին: Դժվար է հավատալ, որ իշխանություններն այս ամենը հաշվի չեն առել: Հետեւաբար, այստեղ պետք է որ լինի այլ, թաքնված շարժառիթ:
Այդպիսին կարող է լինել իշխանությունների վախն այն բանից, որ տվյալ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելուց հետո նմանատիպ պահանջով կարող են հանդես գալ նաեւ ՀԱԷԿ-մնացած շուրջ 1600 աշխատակիցները: Էլ չասած ռազմավարական նշանակության մյուս օբյեկտների անձնակազմերի մասին, ինչը կարող է ձնագնդի էֆեկտով հանգեցնել անվերահսկելի գործընթացների: Եւ հաշվի առնելով հաջորդ տարվա «ծակ բյուջեն» 101 միլիարդ դրամով լցնելու կառավարության հուսահատ ջանքերը` ակնհայտ է, որ իշխանությունն այս դեպքում էլ պատրաստ է գնալ զուտ իրավիճակային լուծումների` անգամ եթե դրա արդյունքում հարյուրավոր բարձրակարգ մասնագետներ հարկադրված կլինեն բռնել արտագաղթի ճամփան: Ինչեւէ, իրավիճակը պարզ կդառնա ընդամենը մի քանի օրից` հոկտեմբերի 27-ին, երբ կլրանա ՀԱԷԿ-ի պլանային նորոգման եւ վերալիցքավորման ժամկետը:




Լրահոս