ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հետևյալն է.
«Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։
Մեկ շաբաթում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ՝ ականների պայթյունների հետևանքով հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ի՝ նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում:
Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։