Հոկտեմբերի 2-ին վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ: Սահմռկեցուցիչ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում:
Հայ գերիներին դաժանաբար գնդակահարելու տեսանյութին անդրադրձել են ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչները, այլ նաեւ աշխարհում հայտնի հայեր, որոնք դատապարտել են ադրբեջանցիներին եւ կոչ արել աշխարհին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց.
Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին արձագանքել է ռուս փաստաբան, հասարակական-քաղաքական ակտիվիստ եւ երգչուհի Կատյա Գորդոնը:
«Որոշ աշխարհաքաղաքական պատճառներով… կամ պարզապես քաղաքական պատճառներով Ռուսաստանը հստակ չի խոսում այս թեմայով… Եղբայրնե՛ր, հայեր, ռազմագերիների մահապատիժը, որը հրապարակվում է, ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն: Արդար չէ, որ ձեր պատերազմի մասին… լռում են: Ես շատ եմ սիրում Հայաստանը, տարիներ շարունակ ընկերներ եմ եղել հայերի հետ եւ հասկանում եմ նրանց։ Եթե իմ փոքր ձայնը որեւէ կերպ կարող է օգնել ձեզ, ես ձեզ հետ եմ: Ցավակցում եմ ձեզ իմ սրտի խորքից եւ բոլորիս խաղաղ երկինք եմ մաղթում»,- գրել է Գորդոնը:
Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել եւ նշել, այն ինչ կատարվում է Հայաստանում անընդունելի է:Իսկ ահա, երեկ Գեւ Օրկյանը անդրադարձել է նաեւ Սերբիայի նախագահի շնորհավորական ուղերձին Ալիեւին, մասնավորապես նշելով. «Թույլ տվեք սկսել հետեւյալ հարցադրումից: Արդյո՞ք ես եմ գժվել, թե աշխարհը: Բավական չէ վերջին երեք շաբաթվա ընթացքում հարյուրավոր հայեր ջարդի են ենթարկվել, զինվորները խեղվել են ու նկարահանվել՝ ժամանցի նպատակով, հիմա էլ Սերբիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ նշել, թե որքան հայտնի է նա Եվրոպայում: Հիմա ո՞վ է գժվել: Ե՞րբ է Հիտլերը, այդքան շատ հրեաների ցեղասպանելու եւ սպանելու եւ հայերի ոչնչացված լինելու անհրաժեշտության մասին խոսելու համար, հայտնի եղել Եվրոպայում: Եվ հիմա Ալիեւը անում է նույնը, ինչ Հիտլերը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում»:
«Նույն ընթացքում, երբ աշխարհը դեռեւս շարունակում է լռել, ես խոսելու եմ նրա մասին, որ այն ինչ կատարվում Հայաստանում այժմ անընդունելի է: Դա ցեղասպանությունը, ջարդ, որն իրականանում է ամեն օր եւ ոչ մի կառավարություն Ադրբեջանի կառավարության եւ զինվորների նկատմամբ համապատասխան գործողություններ չի իրականացնում, իսկ Ալիեւը թույլ է տալիս այդ բարբարոսներին՝ շարունակել սպանել հայ հերոսներին»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով, որի հետեւանքով ունենք զոհեր եւ անհետ կորածներ:
Լիդա Եղիազարյան