ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա», – ակնհայտորեն Տեր-Պետրոսյանի առաջարկը նկատի ունենալով՝ երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Քոչարյանը Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի որակեց, բայց նաեւ ասաց՝ նույն ձեւաչափով հետագա քննարկումների համար դուռը բաց է։

«Հնչում է նաեւ թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը եւ չեզոքացնես այդ պրոբլեմը։ Հիմա մեզ ասվում է՝ միավորվենք պրոբլեմի շուրջ, հիմա մեր նպատակն ի՞նչն է՝ փրկե՞լ Հայաստանը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը: Իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է», – նշեց Քոչարյանը։

Արդյոք նախկին նախագահների հանդիպմանը հենց իշխանափոխությա՞ն առաջարկով էր գնացել։ Քոչարյանը չբացահայտեց, բայց խոսեց այսօրվա իրավիճակում ընդդիմության ու իշխանության անելիքների մասին իր պատկերացումներից. «Ճգնաժամից երկրներին ընդհանրապես դուրս են հանում կառավարությունները, իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը, հասնել իշխանափոխության եւ հետո հաղթահարել այն ճգնաժամը, որը կա։ Ընդդիմությունը ի՞նչ է առաջարկում. նա եմ առաջարկում, ինչ առաջարկվել է կոնսոլիդացիայի համար. այո, առաջարկում ենք հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ թե կապիտուլյացիայի համար»:

Հարցին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք փող ունենք, բայց մեզ զենք վաճառող չկա, սա Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությունն էր արդյոք, թե սրա տակ լուրջ հիմքեր կան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Ես 10 տարի նախագահ լինելու ժամանակ նման խնդիր չեմ ունեցել, ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու այսօր պետք է նման խնդիրներ առաջանան: Ես չեմ հասկացել վարչապետի ելույթի այդ հատվածը:

Հիմա եթե դու ուղղակի մեկին ասում ես՝ դե զենք ծախի, նա ասում է՝ դե որոշ խնդիրներ կան, ու դրանով դու դուրս ես գալիս այդ խոսակցությունից, չես շարունակում… Ես չգիտեմ՝ ոնց են աշխատում: Երբեք այդպիսի խնդիր մենք չենք ունեցել, հիմա մենք ունենք եւս մեկ պրոբլեմ, օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, եւ Ռուսաստանից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը պրոբլեմ դարձավ: Իմ ժամանակ նման խնդիր չի եղել, ինձնից հետո 3-րդ նախագահի ժամանակ Հայաստանը գնեց Ռուսաստանի ամենից ժամանակակից զենքերից մեկը՝ «Իսկանդեր»-ը: Ինչպե՞ս են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր հաջողվում անել դա իմ ժամանակ, 3-րդ նախագահի ժամանակ, եւ ինչո՞ւ դա պրոբլեմ դարձավ հիմա. այդ հարցադրումներն ինձ չպետք է անեք, ես չգիտեմ՝ որտեղից է դա գալիս:

Երբ Վրաստանը փակեց օդային տարածքը, դա լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ պատերազմի արդյունքների վրա: Հիմա, երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում են, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետեւ հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր մատակարարել զենք եւ զինամթերք Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում:

Խորհրդարանի բոյկոտը հիմա մասնակի բոյկոտ է, տեսնում եք, որ գոնե շենք գնում են, որոշ գործիքակազմ խորհրդարանական ընդդիմության կողմից այսօր օգտագործվում է։ Հիմա աշխատանք է  գնում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման նոր աճի կետեր գտնենք։  Այդ ծրագիրը մշակվում է, դեռ վերջնականացված չէ։ Կարող եք հիմա արձագանքել՝ ժամանակ չունենք, այո, դա կա, բայց մենք նաեւ չենք ուզում եւս մեկ ալիք ստեղծել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին։ Եթե պետք է ամեն ինչ լինի «Դիմադրություն» շարժման ծավալով, մենք գիտակցում ենք, որ այդ ծավալը բավարար չէ։ Ուրեմն կա՛մ պետք է նոր ուժեր, նոր մարդիկ ներգրավենք այս պրոցեսի մեջ, կա՛մ պետք է չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության։ Ի դեպ, ես «Դիմադրություն» շարժումը չեմ համարում չհաջողված, այդ շարժումն ի սկզբանե չի ստեղծվել իշխանափոխության թեզերով, ուղղակի ես ձեզ հիշեցնեմ, որ սկսվեց այն ժամանակ, երբ վարչապետը խորհրդարանում հնչեցեց Արցախի հարցով նշաձողը իջեցնելու թեզը։ Ես համոզված եմ եւ գիտեմ, որ այդ թղթերն արդեն ստորագրված կլինեին,  եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը»,-ասաց Քոչարյանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Երեկ սիրով հյուրընկալեցի բարեկամ Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոյին:

Քննարկեցինք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու անվտանգային հարցերը։ Անդրադարձանք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի օրինակելի մասնակցությանը, որը հնարավորություն է տալիս արագ արձագանքել իրավախախտումներին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։

 

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից: Ըստ հաղորդագրության՝ խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը: Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջեւ պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով:

 

 

 

 

ՀՀ-ՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայաստանում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի ճանապարհաշինարարի օր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին եւ ձեռքբերումներին։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ տոնը կնշվի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում: Ի դեպ, հուշարձանը գտնվում է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որը ամբողջությամբ վերականգնվել եւ բարեկարգվել է վերջերս։ Նշենք, որ Ղազախստանը ներկայում ամեն տարի օգոստոսի 1-ին կիրակին նշում է Տրանսպորտի աշխատողների օրը։ Բելառուսը, Ղրղզստանը եւ Ուկրաինան յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակին նշում են Ավտոմոբիլիստի եւ ճանապարհաշինարարի օրը, իսկ Ռուսաստանը (հոկտեմբերի վերջին կիրակին) եւ Տաջիկստանը (հոկտեմբերի երկրորդ կիրակին) նշում են Ճանապարհաշինարարի օրը։

 

 

 

 

ԽԱԽՏՈՒՄ Է ԵՂԵԼ

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա: «ԱԼԻՔ»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վրաստանի մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են մակնշման անհամապատասխանություն եւ ջերմաստիճանի ռեժիմի խախտում։ «Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված բեռը (1008 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված անվտանգային, տնտեսական եւ սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների եւ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի եւ ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են կառավարության ծրագրով սահմանված կապիտալ եւ ընթացիկ ծախսերին, ծախսային նոր նախաձեռնություններին վերաբերող մի շարք հարցեր:

 

 




Լրահոս