ԿԱՇԱՌՔ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն եւ Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին:

 

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կագնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան նրա կողմից վարչական իրավախախտում թույլ տալու, այն է` անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:

Պարեկային ծառայության աշխատակիցները Կ. Մ.-ին պարզաբանել են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պատճառը եւ վերջինից պահանջել համապատասխան փաստաթղթերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այդ ընթացքում Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15.000 ՀՀ դրամ եւ փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանության բաժին:

Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցը առանց հաշվառման համարանիշի վարող Ա. Ն.-ն չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու պարեկների հրահանգին եւ դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում: Պարեկների կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշների եւ ոչ սթափ վիճակում վարելու համար:

Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին եւ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ներկայացված մեղադրանքում Ա. Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ՊԱՀԵՍՏԱՊԵՏԻ ԴՍՏԵՐԸ ՍԻՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Իրավապահ համակարգում Մալաթիայի կրակոցներից հետո խիստ խորհրդակցություն է եղել. իրավապահները նշել են, թե երկրում առկա այս պայմաներում նմանօրինակ կրակոցներ արձակած անձինք թուրքից վատն են. եթե երկրում առկա լարված վիճակը նրանց չի անհանգստացնում, ապա նրանց այլ բառով բնորոշել հնարավոր չէ:

 

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվեց երկու անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը եղել է աղջկա համար: Իսկ կոնկրետ ի՞նչ աղջկա մասին է խոսքը: Բանն այն է, որ մի երիտասարդ սիրել է ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստապետի դստերը եւ այդ օրը իր ընկերների հետ գնացել եւ փորձել է խոսել իր սիրելի աղջկա հոր հետ: Խոսակցությունն այդքան էլ լավ ընթացք չի ստացել, եւ տղայի ընկերներեից մեկը սկսել է կրակել, որի հետեւանքով երկու անձ սպանվեց: Մեզ հայտնի դարձավ, որ կրակողը ջավախահայ է եւ այժմ կալանավորված է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում՝ ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որի կյանքը փրկել չի հաջողվել: Ասել է թե՝ մեկ գիշերվա մեջ երկու անձ սպանվեց:

Փաստի առթիվ սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու դեպքը նոր ընթացք կստանա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում քննարկվում է միջադեպով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը, եւ դատելով իրավապահ համակարգում ծավալված խոսակցություններից՝ ամենայն հավանականությամբ քրեական վարույթ կնախաձեռնվի: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը զինվորների հարազատների նկատմամբ բռնության դեպքերով ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում կատարվում է ծառայողական քննություն: Հիշեցնենք, որ ծնողներն այդ օրը փակել էին Եռաբլուրի մուտքը եւ պնդում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալու մոտենալ իրենց երեխաների շիրիմներին:

 

 

 

ԲԱԽՇԻՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանն արդարացվեց։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին, ճանաչելով եւ հռչակելով դատավորի անմեղությունը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է փաստաբան Երեմ Սարգսյանից։

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

ArmLur.am-ի տեղեկություների համաձայն` սեպտեմբերի 26-ին դատապարտյալների հիվանդանոցում ուշագրավ դեպք է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը՝ գիշերը ժամը 4:00-ի սահմաններում, բանտից մեկ դատապարտյալի կտրված վերքերով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում սավանի միջոցով փորձել է ինքնասպան լինել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ՝ ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարեւանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը, որը նշված վայրից վնասազերծել եւ անվտանգ վայր է տեղափոխել կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական, որը եղել է առանց պայթուցիչի։

 

 

 




Լրահոս