ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը եւ վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը եւ պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ:
Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչը եւ նույն բաժնի գիտաշխատողը:
Ողջունելով հյուրին՝ Աստղիկ Մարաբյանը նշել է, որ այս հանդիպումով ազդարարվում է մի շատ կարեւոր եւ եզակի իրադարձության մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD):
«Այս ծրագրի կարեւորագույն կետերից մեկն այն է, որ 2017 եւ 2019 թվականներին սկսված շարունակական համագործակցության արդյունքում նշյալ կոնվենցիայի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի տարածաշրջանային կենտրոնի հետ ուսուցողական հանդիպումներ են իրականացվել, որոնք վարել է տիկին Բլեյքը: Անդրադառնալով «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը եւ պահպանումը» հայտի բովանդակությանը՝ պետք է նշեմ, որ Սյունիքում՝ որպես Հայաստանի համար խիստ ռազմավարական տարածաշրջան, կհավաքագրվեն, կփաստաթղթավորվեն եւ կթվայնացվեն տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությանն առնչվող նյութերը՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության ամբողջական տվյալների շտեմարան: Ծրագիրը կարեւորվում է նաեւ համայնքահեն բաղադրիչով, քանի որ այդ հետազոտություններն անմիջապես անցկացվելու են համայնքներում՝ կրողների հետ: Նրանց հետ աշխատանքի, ինչպես նաեւ կրթական ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում մենք կգույքագրենք մշակութային ժառանգությունը՝ ապահովելով այդ ժառանգության պահպանությունն ու փոխանցումը մեր սերունդներին»,- նշել է Աստղիկ Մարաբյանը եւ շնորհակալություն հայտնել Ժանետ Բլեյքին՝ խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերներին, մասնավորապես՝ Նաիրա Կիլիչյանին, հայտի պատրաստման գործում անմիջական ներգրավվածության եւ ծրագրի ուղղությամբ տարված կարեւորագույն աշխատանքի համար:
«Շատ ենք կարեւորում այս ծրագրի իրականացումը հատկապես Սյունիքի մարզում, քանի որ Սյունիքը շատ հարուստ մշակութային ժառանգություն ունի: Մեծապես շնորհակալ ենք տիկին Ժանետ Բլեյքին, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գործընկերներին համագործակցելու համար, ինչը կարեւորվում է նաեւ պետական կառույց եւ գիտական կազմակերպություն ձեւաչափի համատեքստում»,- նշել է ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը շնորհավորել է աջակցության ծրագրի ձեռքբերման համար եւ վստահություն հայտնել, որ հայ գործընկերները լավագույնս կիրականացնեն այն:
«Քանի որ Սյունիքում բանահավաքչական աշխատանքներ տարվել են 60-ական թվականներին, այս ծրագրով նոր աշխատանքներ կտարվեն եւ թարմ մոտեցում կլինի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում՝ որպես մշակութային տարածք: Տեսնում եմ՝ որքան ջանքեր են ներդրվում ժառանգության պահպանության ուղղությամբ, եւ ես անհամբեր սպասում եմ աշխատանքների իրականացմանն ու արդյունքներին»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետը եւ համագործակցության համար շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին:
Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել եւ խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսեւորում: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության եւ ժառանգության փոխանցման ապահովման հետ:
8,3 ՄԼՆ ՖՐԱՆԿ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ
Շվեյցարական համագործակցության գրասենյակը Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կազմակերպեց «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը, նախագիծը համաֆինանսավորող եւ իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ շահագրգիռ միջազգային եւ տեղական կազմակերպություններն ու անհատները:
Շվեյցարիան, Ավստրիայի եւ Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկեց ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Միջամտության նպատակն է բարելավել գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագետների եւ շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսով, նախագիծը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը եւ (ինքնա)զբաղվածության բարձրացմանը:
Գործնականում նախագիծը նպատակ ունի այնպես կազմակերպել երիտասարդների ուսուցումը, որ նրանց գիտելիքները, որպես վարձու մասնագետներ կամ ինքնազբաղվածներ, օգտակար լինեն իրենց հետագա մասնագիտական կարիերայի համար: Գործնական ուսուցումն ընկերություններում եւ ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի քոլեջներում սովորած ժամանակակից առաջավոր գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը / ընկույզի եւ մրգերի մշակումը։
Ավելին, նախագիծը կաշխատի դուալ կրթության այս մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ. քաղաքականությունները պետք է դառնան ավելի համահունչ, կրթական հաստատություններն` ավելի արդյունավետ, իսկ պետական եւ մասնավոր հատվածի միջեւ պետք է ձեւավորվի արդյունավետ համագործակցություն: Տեղում նախագիծը կաշխատի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի քոլեջի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական դպրոցի (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի քոլեջի հետ։
Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Ինչ վերաբերում է Ավստրիայի հետ համագործակցությանը, որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծվեն։ Արդեն սկզբունքորեն հաստատվել է նաեւ 2-րդ հիմնական փուլը 2026-2030 թվականների համար։
2-ՐԴ ՄԵԾ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 25-ին՝ Բերդ համայնքի ավագանու ընտրությունների օրը, գտնվել է Բերդ քաղաքում եւ համակարգել է ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին ձայներ բերելու գործը։ Բերդ համայնքից հայտնում են, որ նա այդ նպատակով մոբլիզացրել է Արծվաբերդի անտառտնտեսության պաշտոնյաներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, Բերդի ԲԿ-ի ղեկավար կազմին եւ այլոց։ Չնայած մարզպետի ջանքերին՝ ՔՊ-ն Բերդում պարտություն կրեց։ Սա ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հայկ Ղալումյանի 2-րդ մեծ ձախողումն էր։ 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների օրը, մարզպետ Հ. Ղալումյանը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի ընտրական տեղամասի առաջ կանգնել էր, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։ Տեսնելով, որ իրեն նկարահանում են, Հ. Ղալումյանն իր ուղեկիցների հետ ընտրական տեղամասի առջեւից շտապ հեռացել էր։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում Հայաստանում մշակվող աշնանանցան ցորենի մասին ընդարձակ տեղեկատվություն է զետեղված։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացա, որ Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան քաղաքում եւ համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերում ոչ մի մետր աշնանացան ցորեն չի մշակվում։ Նույն կերպ Դիլիջանի համայնքապետարանը կարող էր համայնքապետարանի ինտերնետային կայքում բանանի մշակության մասին տեղեկատվություն զետեղել. զով Դիլիջանում գուցե բանան աճեցնող գտնվի։
ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արման Սամվել Բարսեղյանի դատավարությունը։ Ա. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 կամ 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի որսորդական խանութներից գնել է օդաճնշիչ ատրճանակ, որը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ձեւափոխել եւ դարձրել է ակոսափող հրազեն, ապօրինի պահել Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29/12 հասցեում տեղադրված եւ իր կողմից վարձակալած վագոն-տնակում։ Ա. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ