Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:
Ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել:
Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվել է հոկտեմբերի 4-ին: Ցերեկվա ժամը երկուսին մոտ 1-02 զանգահարած 26-ամյա կինը հայտնել էր, որ 5 րոպե առաջ անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջին կողոպուտը կատարել են 17 և 16 տարեկան երկու պատանիներ, որոնցից առաջինը՝ Նոր Խարբերդի, երկրորդը` մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ:
Կենտրոնականի ոստիկաններն ու մայրաքաղաքի պարեկները համատեղ միջոցառման արդյունքում մեկին հայտնաբերում են Մաշտոցի պողոտայում, մյուսին` Ավանեսովի փողոցում: Երկուսն էլ ձերբակալվում և տեղափոխվում են բաժին: Հետագա միջոցառումներով հաջողվում է նաև պարզել, որ հոկտեմբերի 2-ի կողոպուտն էլ 16-ամյա պատանու ձեռքի գործն է:
Ըստ նախնական տվյալների` հափշտակած երկու հեռախոսն էլ պատանիները վաճառել են:
Նախապատրաստված նյութերն ու պատանիները փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: