Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 դոլար և Հայաստանի համաֆինանսավորում 86 681 000 ԱՄՆ դոլար:
Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+650-կմ 42+875) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարություն) արժեքն ըստ հաստատված գնումների պլանի կազմում է 247 290 000 դոլար (այդ թվում՝ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամ՝ 135 000 000 ԱՄՆ դոլար և ՀՀ համաֆինանսավորում՝112 290 000 ԱՄՆ դոլար):
Մանրամասն նախագծի կազմման համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԶ ընկերությունը: 2019 թվականի հունիսի 11-ին կողմերի միջև ստորագրվել են համապատասխան պայմանագրեր՝ նախագծային աշխատանքների իրականացման և շինարարական աշխատանքների ընթացքում հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար:
Պայմանագրով նախատեսված նախագծման աշխատանքները ժամանակին մեկնարկել են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝անհրաժեշտ է նախաձեռնել վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման գործընթացն՝ այն երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30–ը։
Թունելի երկարությունը 4750 մ է և հյուսիսային ճակատամուտքը նախատեսված շինաշխատանքների համար դժվարհասանելի հատվածում է։
Խորհրդատուն նախապատրաստել է նախնական նախագիծ, որի համաձայն Լոտ 1 Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարարության նախնական արժեքը կազմել է շուրջ 250 մլն. ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ), ինչը շուրջ 85 մլն.ԱՄՆ դոլարով գերազանցում է ծրագրի սկզբում հաստատված գնումների պլանով շինարարության համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Հաշվի առնելով նշված հանգամանքները և Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) հատվածի շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների պակասուրդը (շուրջ 85 մլն. ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ), անհրաժեշտ է նախաձեռնել վարկային համաձայնագրում: