Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանն ագրեսիա կիրառեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Հայաստանի իշխանություններն ինտենսիվ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, եղել են նաեւ փոխայցեր: ArmLur.am-ը ներկայացնում է այցերի եւ զրույցների վիճակագրությունը սեպտեմբերի 13-ից սկսած մինչեւ հոկտեմբերի 9-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հենց ռազմական գործողությունների առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ սեպտեմբերի 16-ին եւ կրկին անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում էր ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում էր Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին: Իսկ ահա սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Նա դիմել էր նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել էր Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել էին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ էր եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի:
Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ հոկտեմբերի 9-ին ԱԺ պատվիրակությամբ մեկնել ՌԴ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
Հենց սեպտեմբերի 13-ին Միրզոյանը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել: Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։ Ապա հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկայացրել իրավիճակը: Ապա Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Սեպտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: