Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տնային հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթել էր 1-0 հաշվով, իսկ Մխիթարյանը անցկացրել էր ամբողջական հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում անցկացրել է 8 հանդիպում:
««Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք՝ նույնպես, և դա ապացուցեցինք՝ հատկապես վերջին խաղերում: Մենք պայքարեցինք և մեզ համար շատ կարևոր հաղթանակ տարանք: Վստահությունը վերականգնելու համար մենք ունեինք այս հաղթանակի կարիքը, շնորհավորում եմ թիմակիցներիս: Մենք մի թիմ ենք, իսկ անցյալը մնում է անցյալում: Մենք գիտեինք՝ ինչպես պետք է բարելավենք մեր խաղը և հույս ունենք առաջիկայում ավելի լավ խաղալ ու ավելի շատ միավորներ վաստակել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Sky Sports Italia-ն:
Չեմպիոնների լիգայի 3 տուրերից հետո «Ինտերը» 6 միավորով C խմբում 2-րդն է: Խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 9 միավոր, «Բարսելոնան»՝ 3, իսկ չեխական «Վիկտորիա Պլզենը» կրել է 3 պարտություն։