ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որի մի կետում ասվում է.
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իսկ ինչ է ենթադրում Հռչակագրի այս կետը.
Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԱՊՀ պետություններն իրականում ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով չեն ընդունել խորհրդային սահմանների շարունակականությունը։ ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը և Ալմա-Աթայի հռչակագիրը խոսում են տարածքային ամբողջականության և տարածքների անքակտելիության մասին, որոնք բոլորովին այլ երևույթ են։
Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը:»: Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն այստեղ ուշագրավ է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում Արցախը երբեք չի եղել:
Նկատենք՝ հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ էր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում նախկին իշխանություններին:
Ն.Հ.