ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր ելույթի ժամանակ չի մոռանում անդրադառնալ նախկիններին՝ նրանց մեղադրելով ամենատարբեր մեղքերի մեջ: Խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Ստամբուլյան խարտիան՝ ասելով, թե հենց այդ ժամանակ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանհն ու այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանձնել Արցախն Ադրբեջանին:
«Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվին իշխանությունը ստանձնելու նախապայման որպես Ղարաբաղը դուրս ա թողել բանակցային գործընթացից, դրանով դնելով անկյունաքարը, և գնացել ա Ստամբուլյան խարտիան վավերացրել ա, որտեղ ասվել ա, որ ․․․ ես էս ամբիոնից մեջբերել եմ կտորներ ամբողջական էդ փաստաթղթերից, որտեղ ասվում ա, որ Եվրոպայում անվտանգության խարտիան վավերացնելով՝ նրանք ասել են, որ այդ թվում երկրներում ապրող ժողովուրդների իրավունքները և ազատությունները ոչ միայն չեն խաթարում, այլև ընդհակառակը, ամրապնդում են տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։ Էս իրանք են ստորագրել իրանց կոտրած ձեռքերով, թող չփորձեն մեզ վրա որևէ բան բարդեն», – ասել է Փաշինյանը: ։
Սակայն ի հեճուկս դրա՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերվող մասում որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։
Ավելին, այս սկզբունքը վկայակոչված չէ բացառապես Ղարաբաղին վերաբերող հատվածում, հետխորհրդային տարածքում մյուս հակամարտությունների դեպքում դրանց հանգուցալուծման հիմքում դրված էին և՛ ինքնիշխանության, և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը։
Փաշինյանը դեռ նախորդ տարվա հունիսի 5-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել էր 1999-ին Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան փաստաթղթին և, մասամբ մեջբերելով փաստաթղթի 19-րդ հոդվածը, պնդել, թե հռչակագիրը արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանն իրենց ելույթներում հղում են անում փաստաթղթի տարբեր հատվածների։ Այսպես, Փաշինյանը մեջբերել է յոթ գլխից բաղկացած Ստամբուլյան փաստաթղթի առաջին մասի՝ «Եվրոպական անվտանգության խարտիայի» 19-րդ կետը։ Այն էլ դրա մի մասը՝ համատեքստից (կոնտեքստից) կտրված։
Արձանագրենք, որ հոդվածը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և գոյություն ունեցող պետություններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, իսկ Ղարաբաղյան խնդրի և հակամարտության մասին որևԷ առանձին խոսք չկա։ Փաստացի՝ «դիվանագիտական լեզվից» Փաշինյանի կամայական թարգմանությունը համատեքստից կտրված է և մոլորեցնող։
Քոչարյանը, հերքելով Փաշինյանի և Սիմոնյանի մեղադրանքները, իր հերթին մեջբերել է փաստաթղթի մյուս մասի՝ «Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրի» կետերը։
Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում ավելի հստակ անդրադարձ կա հետխորհրդային տարածքում երկրների միջև տարածքային վեճերին և հակամարտություններին։ Դրանցով ԵԱՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա և Չեռնոգորիա) (4-րդ կետ), Բոսնիա և Հերցեգովինայի (6-րդ կետ), Վրաստանի (15-րդ կետ), Մոլդովայի (18-րդ կետ) և Ռուսաստանի Դաշնության (23-րդ կետ) տարածքներում կոնֆլիկտների մասին և մատնանշում դրանց հանգուցալուծման գործընթացում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, որ Ստամբուլյան փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհրդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը, ճիշտ է։
Ն.Հ.