ՀՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպիսով, ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի եւ աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում:

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է՝ հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաեւ նկատվում ծառայությունների եւ առեւտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին եւ հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեեւ տնտեսական ակտիվության աճը դեռեւս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր:

Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների արդյունքում նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը եւ դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ եւ որեւէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ, կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի արդյունքում ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետեւանքներով:

Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով:

Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել, հետեւաբար գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռեւս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%, սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաեւ ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաեւ հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական եւ տնտեսական հետեւանքներ:

Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը եւս չեն պահպանվել:

Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա եւս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը եւ այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետեւաբար կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին եւ միջոցառումներին ուղղելու նպատակով:

Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի ծավալների աճը կտրուկ դանդաղել է: Այսպես, 2022թ. հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 135.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը ընդամենը 34.4%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը այն դեպքում, երբ մայիս եւ հունիս ամիսներին դրամական փոխանցումների ծավալը ավելի քան երեք անգամ էր գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին: Այս դեպքում եւս նկատվում է բարձր աճերի դանդաղում, ինչը պետք է ազդանշան լինի դրական շոկի ժամանակավոր լինելու մասին:

 




Լրահոս