Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Արման Հ-ն իր վարած «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։ Վթարի հետեւանքով տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ւմ կողմից է անձին տրամադրվում սոցիալական աջակցությունը:
Լյուդմիլա Վարդազարյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության եւ (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունն իրականացնում է բեռնափոխադրում ՀՀ-ում գրանցված իր տրանսպորտային միջոցներով, հանդիսանում է բացառապես հաստատագրված վճար վճարող, պե՞տք է արդյոք ճանապարհային վճար վճարի:
Սեւակ Գասպարյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից, նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով: Հաստատգրված վճարները եւ ճանապարհային վճարները գործում են առանձին եւ մեկը մյուսով պայմանավորված չեն, ընդ որում՝ ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: