Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ, մեծագույն ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանը վերջապես կկարողանա զենք ձեռք բերել: Ինչու վերջապես՝ որովհետեւ, ըստ իր ներկայացրածի, պատերազմից հետո Հայաստանը թեեւ փող ուներ, բայց զենք ձեռք բերել չէր կարողանում: Նրա ասածը Ազգային ժողովի իր իսկ թիմակից, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է հաստատել, թե Ռուսաստանը 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանին զենք չի մատակարարել։ Ավելին՝ վստահեցրել էր, որ վերջին ժամանակներս ՀՀ-ի զինբազան ՌԴ-ի կողմից համալրվել է միայն մեկ դաշույնով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր նվիրել Հայաստանի պաշտոնակցին: Իրականությունը, սակայն, պարզվում է, բնավ ՔՊ-ականների ներկայացրածով չէ: Այսպես, ըստ Պաշտպանության նախարարության՝ այս տարվա հունվարի 25-ին տարածած հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր ուղղաթիռներով: ՊՆ կայքէջում հրապարակմանը կցված լուսանկարներից պարզ է դառնում, որ խոսքը ռուսական արտադրության ԾՌ-8-ԾՁԹ ուղղաթիռների մասին է, որոնք ԾՌ-8 ուղղաթիռների արդիականացված տարբերակներից են։ Ռուսաստանը, փաստորեն, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ռազմական նշանակության ուղղաթիռ վաճառել է: Բացի ուղղաթիռից, պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին խոսել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որ վերոնշյալ դաշույնը նվիրելու ժամանակ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում», հերթական սուտն է:
Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։ Երեկ Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանելիս, նշեց ՀՀ ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լյույոնը։ «Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»։ Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, նա ինչ է մտածում, դեսպանը նշեց. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, ապա որտեղ են այժմ նրանք պահվում: Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երեւույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինս ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձեւակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները: Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետեւանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, եւ այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։ Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Վարչապետի այս հայտարարության մասով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՌԴ ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, փաստորեն, նա նշեց. «Առանց մեկնաբանության»։